0ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

 

Դատախազությունը Սեդրակյաններից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեքը, 1 ավտոմեքենա, 8 իրավաբանական անձում մասնակցության իրավունք եւ 10 մլրդ 40 մլն դրամ գումար: Դատախազությունը ներկայացրել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորի շուկայական արժեքի, Սասունցի Դավիթ փողոցում գտնվող 2 անշարժ գույքերի, Դավիթ-Բեկի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերի, Գաջեգործների 1-ին փողոցում գտնվող անշարժ գույքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքում գտնվող 6 անշարժ գույքերի, Գաջեգործների փողոցի անշարժ գույքի, Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքում գտնվող 6 տարածքների, Մ. Խորենացու փողոցում գտնվող անշարժ գույքի, Բագրատունյաց փողոցում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող անշարժ գույքի բռնագանձման պահանջ:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաեւ 1 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձում մասնակցության եւ 180 մլն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք: Դատախազության դիրքորոշումն այն է, որ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով, վերը թվարկված գույքերը պատկանում են Մհեր Սեդրակյանին:

Երեք իրավաբանական անձում մասնակցությունները՝ սեփականության իրավունքով, Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորն ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատույց փոխանցվել է այլ անձի, այսինքն՝ օրենքի իմաստով համարվում է Մ. Սեդրակյանին պատկանող գույք, եւ ներկայացվել է գույքի շուկայական արժեքի բռնագանձման պահանջ:

Մյուս գույքերը ձեռք են բերվել Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի անվամբ: Մեկ իրավաբանական անձի բաժնեմասը եւ տրանսպորտային միջոցը ձեռք են բերվել Դավիթ Սեդրակյանի կնոջ անվամբ, իսկ փոխառությունը տրամադրվել է Մհեր Սեդրակյանի կնոջ կողմից: Դատախազությունը պնդում է, դրանց իրական շահառուն, այսինքն՝ ֆիզիկական անձը, որի անունից, օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը), Մհեր Սեդրակյանն է:

Առանձին գումարի մասով դատախազությունը պահանջել է Մհեր Սեդրակյանից բռնագանձել ավելի քան 8.6 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար: Նշենք նաեւ, որ Մհեր Սեդրակյանը ՍԴ-ում վիճարկում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունը:

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի դեմ քրեական գործ էր հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու եւ եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ դատարանում զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի հետ, թե ինչպես է նա ապացուցելու, որ ձեռք բերված գույքերը ապօրինի չեն, եւ, առհասարակ, պատրաստվում է արդյոք պետությանը իր գույքերից որեւէ մեկը տալ: Մհեր Սեդրակյանը հայտնեց, որ որեւէ բան չի պատրաստվում տալ պետությանը: Հետաքրքրվեցինք՝ ինչով է զբաղված: Սեդրակյանը նշեց, որ թոշակառու մարդ է, թոշակի է գնացել, որ իր վրա «շառ» չանեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երեւան քաղաքի գնդի եւ մարզային ՊԾ գումարտակներ այլցելու ժամանակ ղեկավար կազմին հայտնել է, որ, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, 2023 թվականը հայտարարվել է պայքար թմրամոլության դեմ, ու դրա արդյունքում պարեկները նույնպես պետք է ակտիվ պայքար տանեն նման արատավոր երեւույթի դեմ:

 

Վերջին ամիսներին Երեւանի գնդի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու եւ Տավուշի մարզերի գումարտակների պարեկները ակտիվ պայքար են ծավալել եւ շարունակում են ծավալել՝ հայտնաբերելու համար այն անձանց, որոնք առնչություն ունեն թմրամոլության հետ, այդ թվում՝ թմրամիջոցների տարածման, օգտագործման հետ:

Պարեկները նաեւ հայտնաբերել են մեծ թվով անձանց, որոնք Telegram-ի միջոցով իրենց սեւ գործն են արել՝ տարածելով փաթեթավորված թմրամիջոցներ:

ՊԾ Երեւան քաղաքի գնդում երեկ հերթական անգամ ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երեւանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում՝ ԹԸի 21099 մակնիշի ավտոմեքենայում, թմրամիջոց կա: Տեղում, ՊԾ Երեւան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի եւ նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Անդրանիկ Մկրտչյանի եւ Վաղինակ Ավդալյանի գլխավորությամբ, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով՝ ձերբակալվում են Երեւանի բնակիչներ 38-ամյա Հայկ Ս.-ն եւ 29-ամյա Ժիրայր Բ.-ն, որոնք, ԹԸի 21099 մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Արդեն տեղում Ժիրայր Բ.-ի մոտ հայտնաբերվում է 1 հատ կաթոցիչ՝ մոխրացված հետքերով, իսկ Հայկ Ս.-ի մոտ հայտնաբերվում է 0.89 գրամ «մարիխուանա» եւ 7.59 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Նշված անձինք հայտնաբերված թմրամիջոցների հետ միասին ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան էլ տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

 

ՄԱՀԱՑԱԾ՝ ՕՐՈՐՈՑՈՒՄ

Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերեց մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հարազատները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ ժամը 15:00-ի սահմաններում երեխային օրորոցում քնեցրել են, իսկ ժամը 17:00-ի սահմաններում նրան հայտնաբերել են մահացած վիճակում:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

Հուլիսի 26-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Սեւանի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանը շրջայց կատարելիս խցերից մեկի դիտանցքից նկատում է, որ կալանավորը դրսեւորում է անհանգիստ վարք: Մտնում է խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ հանկարծ բացվում է խցի պատուհանը եւ դրսից լսվում են կալանավորի անունը կանչող ձայներ։ Ոստիկանն անմիջապես դուրս է գալիս, կողպում դուռն ու սեղմում ազդանշանային կոճակը։

Ահազանգով ոտքի է հանվում բաժնում հերթապահող անձնակազմը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ: Ձերբակալվածների պահման վայրի տարածքը ստուգելիս բացօթյա զբոսաբակի ցանցապատ տանիքի վրա հայտնաբերվում է սավանի մեջ փաթաթված՝ մետաղ հատող գործիք:

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 1.30-ին Սեւան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ ձերբակալվածների պահման վայրից կալանավորին ապօրինի ազատելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվում եւ, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխվում երեք տղամարդ, երեքն էլ՝ երեւանցի: Նրանց բռնելու վայրի զննությամբ հայտնաբերվել է դանակ ու փայլաթիթեղի փաթեթ` բյուրեղանման զանգվածով:

Բաժնում անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ Մեկ այլ ձերբակալվածի մարմնի զննությամբ նախաբազուկներին եղել են քերծվածքներ:

Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 




Լրահոս