ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուշագրավ զարգացումներ Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» գործով․ ՊՆ պաշտոնյան մամուլից է տեղեկացել, որ փորձել են իր վրա ներազդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արթուր Պիվազյանի հետ` հասկանալու, թե գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կարող էր ազդել իր պաշտպանյալի վրա:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ուշագրավ իրավիճակ է ստեղծվել գործարար Դավիթ Գալստյանի կալանավորման մասով: Բանն այն է, որ իրավապահ համակարգը ամեն գնով գործարար Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին», ցանկանում է պահել կալանքի տակ։

Նախ հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի՝ Պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2018 թվականի մատակարարումներին, ինչպես նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործին միացրած դատական գործով, որն արդեն վերաբերվում է 2011 թվականի մատակարարումներին։

Արդյունքում, 2011 թվականի մատակարարումներին վերաբերող քրեական գործով՝ Դավիթ Գալստյանն այս տարվա հունվարի 30֊ից կալանավորվել էր, գործը դատարան ուղարկելուց հետո 1 ամսով կալանքի ժամկետը ապօրինի երկարեցվել էր, սակայն արդեն հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել՝ մերժելով կալանքի ժամկետը մեկ ամսով երկարեցնելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը:

Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը նախ առաջին մեկ ամսվա կալանքի երկարաձգման մասով պաշտպանական կողմի ներկայացված բողոքով արձանագրում է, որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս անհիմն է կալանքի տակ պահել Դավիթ Գալստյանին, իսկ ահա այսօր արդեն գրավի դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի հիման վրա նույն դատավորը որոշման մեջ նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելով թույլ է տվել խախտում։ Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի նույն դատավորը մեկը մյուսի հետեւից հակասում է իրեն այն պատճառով, որ միգուցե հրահանգ են ստացել ամեն գնով կրկին կալանավորել գործարարին:

Բայց սա դեռ ամենը չէ: Բանն այն է, որ սույն ապօրինի որոշման կայացման մեջ ներգրավված են եղել նաև իրավապահ մարմինները: Այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցը, հավանաբար դատախազության պատվերով, կազմում է կեղծ տեղեկանք, ըստ որի իբր Դավիթ Գալստյանը հայտնվելով ազատության մեջ, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ներազդի քրեական վարույթով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացուցողական ցուցմունքներ տված անձանց վրա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված անձինք են ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը։ Սակայն նկատենք, որ այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ վերոնշյալ անձինք ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը ներգրավված են և ցուցմունք են տվել 2018 թվականի մատակարարումների մասով քննվող քրեական գործով, այլ ոչ թե 2011 թվականի մատակարարումների գործով, որով Դավիթ Գալստյանը ապահովել էր ենթադրյալ վնասի փոխհատուցումը ամբողջությամբ։ Անգամ 2018թ. մատակարարումների մասով քննվող քրեական գործով նշված 2 անձինք ոչ ցուցմունք, ոչ էլ վկայություն են տվել Գալստյանի դեմ: Այս դեպքում փաստորեն այն աստիճան են իրավապահ մարմինները տարված եղել ամեն գնով կալանքի կեղծ հիմքեր ստեղծելու գործով, որ նույնիսկ շփոթել են գործերը և դրանցով անցնող անձանց տվյալները։

Ստացվում է, որ գործարարի դեմ շարունակվում են ապօրինի ճնշումները, որի արդյունքում Դավիթ Գալստյանը պետք է ստիպված շարունակի կրել ապօրինի կալանք:




Լրահոս