«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձոր համայնքի բյուջեից հափշտակել է 39 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2017 թվականի հունվարից 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային եղանակով կազմել է վճարման հանձնարարագրեր, որոնցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ: Եվս 900.000 ՀՀ դրամ էլ մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, այնուհետև՝ վերջիններիս վստահեցնելով, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են, խնդրել է դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն: Այդ գումարները, սակայն, Է. Ա.-ն չի մուտքագրել «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով հիշյալ ՀՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը և կրկին օգտագործելով ծառայողական լիազորությունները, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում վերը նշված եղանակով՝ իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին առանց օրինական հիմքերի փոխանցումներ կատարելով հափշտակել է ևս 15.182.590 ՀՀ դրամ:

Այսպիսով՝ 2017-2022 թվականների ընթացքում Է. Ա.-ն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման հանձնարարագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով, Վանաձոր համայնքի բյուջեից «Հաշվապահ» ՀՈԱԿ-ին հատկացված և իրեն վստահված միջոցներից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 39.096.971 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:




Լրահոս