Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» խաղերի ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։

Առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Նորվեգիայում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Վազգեն Սարգսյանի անվան Երևանի «Հանրապետական» ստադիոնում։

Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։

Նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Նորվեգիայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո «Բուդյո Գլիմտը» 41 միավորով առաջատարն է։ Նախորդ մրցաշրջանում նորվեգական ակումբը մասնակցել էր Եվրոպա լիգային, որի խմբային փուլում գրավել էր երրորդ տեղը և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվել էր լեհական «Լեխին» (0-0, 0-1):

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Բուդյո Գլիմտը» ուժեղ էր գտնվել չեխական «Բոհեմիանս Պրահայից» (3-0, 4-2):




Լրահոս