ՖԻԼՄ՝ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Ես բացեցի թեւերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Կարճամետրաժ ֆիլմն ամբողջությամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների աշխատանքն է։

 

Ռեժիսորը Սոնա Սարիբեկյանն է, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, պրոդյուսերը Դավիթ Ջինանյանը։

Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչեւ սպորտային ամենաբարձր կոչումների նվաճումը։

«Մեծագույն պատիվ, հպարտություն եւ է՛լ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարած լինելու փաստը մեր երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։

Նրա խոսքով՝ ֆիլմում օգտագործված են արխիվային կադրեր լեգենդար մարզիկի հաղթական ելույթներից, «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը։

Օգտագործվել են նաեւ կադրեր Հանրային հեռուստաընկերության եւ «Բուն ԹՎ»-ի պահոցներից։

Ռեժիսորի կարծիքով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար հաղթանակներ գրանցելը չափազանց կարեւոր է?

«Նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին նախկինում մեծ հաղթանակներ կերտած անհատներին վերստին գնահատելը, նրանց կատարած փառավոր աշխատանքը հանրահռչակելը կարեւոր նախադրյալներ են, որովհետեւ մեր երկրին եւ հատկապես երիտասարդ սերնդին հաղթանակներ են պետք»։

Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանի խոսքով՝ աշխատանքն իրականացրել են հավատով.  «Մենք փորձել ենք մեր տեսանկյունից նայել կենդանի լեգենդի անցած ճանապարհին եւ այսօրվա կյանքին։ Կարծում եմ, որ սա կարեւոր ֆիլմ է։ Մենք պետք է մեր սերունդներին ցույց տանք, թե ինչ տեսակ է հայը, ինչ համառություն ունի իր ընտրած ճանապարհը հաղթանակելու համար»։

Կինոդիտման համար մուտքն ազատ էր։ Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը, կինոյի ֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Մարմնամարզության աշխարհի գավաթի 2023 թվականի հաղթող Վահագն Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Հարություն Մերդինյանը եւ Էրիկ Բաղդասարյանը, նրանց մարզիչները, մարզիկներ, մարզասերներ եւ պարզապես սպորտն ու կինոն գնահատող մարդիկ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի քաղաքապետարանը, Կինոյի տունը։

 

 

 

 

ԱՇԽԱՐՀԸ ԼՈՒՌ Է

Հայաստանի «Եվրատեսիլ 2022»-ի պատվիրակ, երգչուհի Ռոզա Լինը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում  Արցախի շրջափակման մասին գրառում է կատարել։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է ծավալվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող փրկօղակն է։ 30.000 երեխա, 20.000 ծեր, 9000 հաշմանդամություն ունեցող անձ եւ 2000 հղի կին օգնություն են խնդրում, բայց աշխարհը լռում է։ Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ քաղաքակիրթ աշխարին՝ բաց միջանցք»,- գրել է նա։

Նշենք, որ երգչուհին մշտապես անդրադառնում է Արցախի շրջափակմանն ու ամիսներ առաջ բեմ էր դուրս եկել «Դադարեցրե՛ք շրջափակումը» եւ «Արցախ» գրություններով բաճկոնով: Ռոզա Լինը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:

ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

«ԲԱԲԱ ՅԱԳԱՆ ՓՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ»

Ռեժիսոր Կարեն Զախարովն օգոստոսի 1-ին Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, կցուցադրի «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը: Այն նկարահանել է «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմի ստեղծագործական խումբը։

Կինոնկարը հուզիչ արկած է ամբողջ ընտանիքի համար:

Հետաքրքրասեր դպրոցական Սենկան հրաշքով հայտնվում է առասպելական հնագույն անտառում։ Այն թաքնված է մարդկանց աչքերից Բաբա Յագայի հզոր հմայքով: Անտառում ակնհայտ ինչ-որ բան այն չէ։ Տագնապի ազդանշաններն ազդարարում են, որ կախարդանքն այլեւս չի գործում, եւ չար մոգության եւ վաղուց պարտված թշնամիների արթնանալը միայն ժամանակի հարց է:

Կրկին կախարդանք սփռելու համար Յագան ստիպված է մեկնել ժամանակակից քաղաք՝ փնտրելու կախարդների ամենահզոր զենքը՝ սքանչելի ծաղիկը։ Այնտեղ նա կհանդիպի ժամանակակից աշխարհի շատ տարօրինակությունների։ Միեւնույն ժամանակ արդեն հազար տարի մութ բանտում թաքնված է վրեժի ծարավ Կոշեյ Անմահը։ Հենց Յագան է օգնել նրան հաղթել շատ դարեր առաջ: Սենկան մտել է հեքիաթի մեջ, բայց կկարողանա՞ արդյոք փախչել այդտեղից, կկարողանա՞ օգնել փրկել մեր աշխարհը, եւ ո՞ւմ կողմից է նա պայքարելու՝ բարու՞, թե՞ չարի, ամենակարող Կոշչեյի՞, թե՞ խորամանկ Յագայի կողմից։

Պրեմիերային ներկա կլինեն կինոգործիչներն ու այլ հայտնի հյուրեր։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպել կինոգործիչներին եւ ծանոթանալ ֆիլմի ստեղծման մասին հետաքրքիր պատմություններին։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Յուրի Նենեւին, Եվգենի Վիխարեւը, պրոդյուսերներ՝ Արմեն Անանիկյան, Ալեքսանդր Մորոզով, Արա Օգանեսյան, օպերատորներ՝ Վլադիմիր Զվեզդոչկին, Օլեգ Եֆրեմով, կոմպոզիտոր՝ Իգոր Բաբաեւ։

 

 

 

ԱԶԱՏՎԵՑԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Կառավարությունը հուլիսի 27-ի նիստում որոշեց Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, Արսենի Մարտունի Պետրոսյանին եւ Էդուարդ Արթուրի Բագրինցեւին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը եւ Էդուարդ Արթուրի Բագրինցեւը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  են   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  եւ հրավիրվել են ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու են ուսումնամարզական հավաքներին եւ միջազգային մրցումներին:

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ

Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն ապահովել է 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, որը 5:0 հաշվով հաղթել է լիտվացի մրցակցին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ առնվազն բրոնզե մեդալներ ապահովել են նաեւ Տիգրան Հովսեփյանն ու Ալբերտ Հարությունյանը։ 75 կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ 50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչի մենամարտում 5:0 հաշվով պարտության էր մատնել  հունգարացի մրցակցին։

 

 

 

ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ՝ ԹԻՄԵՐՈՒՄ

Երեւանի «Ալաշկերտ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները նոր համալրումներ ունեն:

Հունգարական «Դեբրեցեն»-ի հետ դիմակայությանն ընդառաջ՝ «Ալաշկերտ»-ը եւս մեկ համալրում ունի: Թիմ է տեղափոխվել նիգերացի վինգեր Սոդիք Ֆատայը: 27-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Պորտուգալիայում՝ պաշտպանելով տեղի «Օլիվեյրենսե», «Ժիլ Վիսենտե», «Պասուշ Ֆերեյրա», «Շավիշ», «Վարզիմ», «Ակադեմիկա» եւ «Սպորտինգ Կովիլյա» թիմերի գույները:

«Նոա»-ն պայմանագիր է կնքել 27-ամյա մոզամբիկցի պաշտպան Դավիթ Մալեմբանայի հետ։ Գերմանիայում ծնված եւ երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը կարիերան սկսել է Դրեզդենի «Դինամո»-ի երիտասարդական թիմում, հանդես է եկել Բուլղարիայում, իսկ Պլովդիվի «Լոկոմոտիվ»-ի կազմում դարձել է Բուլղարիայի սուպերգավաթակիր։ Նա 2 հանդիպում է անցկացրել Մոզամբիկի ազգային հավաքականի կազմում։

Պորտուգալացի 23-ամյա պաշտպան Պեդրո Ֆարիմը կարիերան սկսել է «Բելենենսեշ»-ի մանկապատանեկան թիմում, մեկ մրցաշրջան է անցկացրել իտալական «Կիեվո»-ի կազմում, նրա վերջին ակումբը Պորտագալիայի երրորդ լիգայում հանդես եկող «Ռեալ»-ն էր։

 

 




Լրահոս