Երեւանի պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց եւ Թիվ 15 պոլիկլինիկաներում»,- նշված է հղորդագրության մեջ։
Գործընթացը շարունակական բնույթ է կրելու, եւ մինչեւ օգոստոս ամսվա վերջ սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ է աշխատում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:
Դոնարա Պետրոսյան (17 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը կազմավորվում է հանրապետական ընդունելության քննություններին ընդառաջ եւ, որպես կանոն, աշխատում է մայիսից մինչեւ նոյեմբեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.00 -17.00-ն:
ՀՊՏՀ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առկա բակալավրիատի ընդունելության շրջանում հանձնաժողովն աշխատում է ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9:00-18:00-ն:
ՋՈՒՐ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է տեղեկացվում հանրությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում ջրամատակարարման դադարեցման մասին:
Արման Դարբինյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ջրամատակարարման դադարները հետեւանք են պլանային շինարարական եւ վթարականխարգելիչ աշխատանքների: Բոլոր դեպքերում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այդ մասին ընդունված կարգով ծանուցում է զանգվածային լրատվամիջոցներին եւ համապատասխան պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
ՀՀ ՏԿԵ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ջրամատակարարման դադարեցման մասին կարելի է տեղեկանալ` այցելելով կայքի գլխավոր էջի «Մամուլի հաղորդագրություններ» բաժին, «Նորություններ» խորագրի «Հայտարարություններ» բաժին, ինչպես նաեւ զանգահարելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոն: Այժմ կարելի է վերոգրյալի մասին տեղեկանալ նաեւ սոցիալական կայքերից: