ԲԱՑՕԹՅԱ ՍՐՃԱՐԱՆ. ՎԱՅԵԼՔՆԵՐ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի: Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի: Թե որքանով է արդյունավետ ծախս անել եւ մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, ԱԺ ճաշարանի աշխատակիցները մշտապես դժգոհում են քիչ առեւտրից: Այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ են արել, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն: «Արմլուր»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է, որ մինչեւ ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերը, սրճարանն արդեն պատրաստ լինի: Հավանաբար խորհրդարանականները որոշել են աշխատանքը համատեղել ժամանցի հետ. երբ շատ աշխատելուց հոգնեն, իջնեն դուրս՝ ԱԺ սրճարան՝ հանգստանալու եւ սրճելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին՝ հասկանալու, թե ինչ նպատակով եւ ինչ միջոցներից, որքան գումար է ծախսվում սրճարանը կառուցելու համար, բայց դեռ արձագանք չկա: Տեղեկացանք, որ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը, ԱԺ աշխատկազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը մեկնել են Հունաստան՝ հանգստի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իբիցայում է եւ հրապարակավ կարծիքներ է հավաքում իր նոր ակնոցի վերաբերյալ՝ «Սազո՞ւմ է»: Այո՛, սազում է, գնե՛ք, միայն այլ գնումներ չցուցադրեք:

Հ.Գ. Ուշ երեկոյան ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը մեզ փոխանցեց, որ այն լինելու է բացօթյա ճաշարան:

 

 

 

 

 

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ ջանք չեն խնայում համոզելու, որպեսզի վերջինս հայտարարի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Ըստ մեզ հասած լուրերի՝ այս առումով հատկապես ակտիվ են նրա նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, որը նախկին «կավեենշիկ» է ու հայտնի է Ռուսաստանում իր կապերով (նա կարճ ժամանակ զբաղեցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը): Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայկի քաղաքական թիմի ու ավագանու նույնիսկ նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում. գործընթացն ընթանում է շատ դանդաղ ու անհաջող. նույնիսկ Մարությանի շնորհիվ հանկարծ լուրջ պաշտոն ստացած մարդիկ են ցրվել տարբեր կողմեր ու չեն ցանկանում կոմֆորտ գոտուց դուրս գալ եւ դառնալ ընդդիմություն այս իշխանություններին, կարճ ասած՝ «թռել են Հայկի թիմից»: Հանրային կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի մեր աղբյուրը փոխանցեց, որ Հայկ Մարությանի կողմից թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունն ուշացնելն արդեն իսկ լրջորեն ազդել է նրա վարկանիշի վրա, մասնավորապես՝ անցած շաբաթ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը գրանցել է ամենացածր մակարդակը՝ վերջին երկու տարիների նմանատիպ հարցումների համեմատ, ու օգոստոսին, ամենայն հավանականությամբ, նա այլեւս չի լինի երկրորդ տեղում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։ Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռեւս չի ներկայացել նախաքննական մարմին։ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննել, չէր ներկայանում ՀԿ: Հիմա գնացել է ու թերեւս պարզաբանել, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման  համար նախատեսված գումարները, ով ում քավորությամբ է տարբեր ծախսեր իրականացրել պետության հաշվին:

 

 

 

 

Օրեր առաջ՝ հուլիսի 26-ին, անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան – Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը  պարզեց, որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը: «Ժողովուրդ» օրաթերթին հասել են այլ ուշագրավ տեղեկություններ Վահե Պետրոսյանի մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պետրոսյանի կինը ունի երեք քույր, որոնց ամուսինները ոչ պակաս հանրաճանաչ դեմքեր են.  Վահե Պետրոսյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի բաջանաղն է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոնք քաջատեղյակ են Վահե Պետրոսյանի վարած կյանքի մանրամասներից ու անձնապես ճանաչում են նրան, վերջինիս որակում են որպես հարցերը ներքին կարգով լուծելու ունակ կերպար: Ավելին՝ Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկված պարեկի դեպքը Պետրոսյանի համար հերթականներից է, եւ հեշտությամբ հարցը կարող է փակվել առանց աղմուկի:

 




Լրահոս