Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի լուրերի եւ հումանիտար բեռները տեղ հասցնելու մասին:
-Ես կարող եմ Արցախի Հանրապետությունում ընդհանուր սոցիալական իրավիճակը ներկայացնել. օր օրի ամեն ինչ բարդանում է: Սա ասել ենք նաեւ մեր պաշտոնական հաղորդագրություններում: Իրականությունը սա է: Ամեն ինչի սղություն կա՝ ընդհուպ մինչեւ բացակայություն: Արթուր Թովմասյանի հրաժարականի վերաբերյալ խորհուրդ կտայի իրենց խմբակցությունից տեղեկանալ: Ես մանրամասներին չեմ տիրապետում:
-Իսկ իրեն փոխարինող Դուք ու՞մ եք տեսնում:
-Փոխարինողը ընդհանրապես, համաձայն կարգի, իրենց խմբակցությունը՝ մեծամասնությունը պետք է առաջարկի, իրենց հրաժարվելու դեպքում արդեն ես չեմ կարող ասել, իրենց փոխարեն որոշել չեմ կարող: Չեմ կարող պատասխանել իրենց խմբակցության անունից: Դա արդեն այս երկու օրը հստակ պարզ կլինի: Այս պահին, կարծում եմ, էական խնդիրներից չէ սա, Արթուր Թովմասյանը կլինի, թե մեկ այլ մարդ, կարծում եմ՝ վճռորոշ չէ: Այս պահին կարեւորը արցախահայության հարցը լուծելու խնդիրն է: Ով էլ լինի, ես կցանկանամ՝ լինի բեղմնավոր աշխատանք, կարեւորը թող իմանա՝ ինչ է անելու ու ինչպես է աշխատելու:
-Պարո՛ն Հայրապետյան, իսկ հումանիտար օգնության վերաբերյալ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ շարժ կա: Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս՝ մուտք գործեն:
-Այս պահի դրությամբ ադրբեջանցիները կոշտ պատասխան են տվել բոլոր կողմերին, եւ փաստն այն է, որ կամրջով չեն անցել, թույլտվություն չեն ստացել: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ որոշվել էր, որ հումանիտար բեռը պետք է մտնի Արցախ, որը մինչ այժմ չի մտել: Այս առնչությամբ եւս մանրամասների չեմ տիրապետում:
-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, ընդհանուր հայտարարի կգա՞ն կողմերը, եւ բեռը մուտք կգործի՞ Արցախ:
– Ես, որպես հույս, կարող եմ հայտնել, որ, այո, բայց ճանաչելով ադրբեջանցուն՝ կարող եմ ասել, որ նա անելու է ամեն հնարավորը, որ այդ բեռը Արցախ չմտնի: Չնայած այդ բեռը, Արցախ մտնելով, այնպես չէ, որ մեկ ամսվա կամ երկու ամսվա հարց է լուծում, լավագույն դեպքում մի քանի օր պարզապես թեթեւացնելու է ճգնաժամը, ստեղծված ծանր վիճակը: Սակայն լավ իմանալով ադրբեջանցուն, նրա հետ տարիներ շարունակ հարեւանություն անելով, նրա հետ հակամարտության մեջ լինելով՝ կարող եմ ասել, որ նույնիսկ այդ մի քանի օրվա բեռի մուտքը դեպի Արցախ նրանք կխոչընդոտեն: Նրանք տարիներ շարունակ այդպես են եղել. եթե նրանց հետ որեւէ մեկը ուժի լեզվով չի խոսում, նրանք դառնում են անկառավարելի եւ ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում: Այժմ եւս նույնն է կատարվում. եթե որեւէ մեկը նրան չսանձի, նա կշարունակի այսկերպ գործել:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱՐՑԱԽՈՒՄ ԹԵԺ Է
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այսօր հրաժարական է ներկայացնելու:
Այսպիսով, ԱԺ նախագահի հրաժարականով պայմանավորված՝ Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Արցախի ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, ավելին՝ նա համարվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «սրտի թեկնածուն»:
Ստացվում է՝ եթե պաշտոնապես առաջադրվի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը, ապա նրան ԱԺ-ում պետք է ընտրի նախագահ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ որպես խորհրդարանական մեծամասնություն:
Այսպիսով, կստացվի, որ Արցախում իշխող քաղաքական ուժի եւ «Դաշնակցության» համագործակցությունն այլեւս անխուսափելի է դառնում, կարելի է ասել՝ դառնում են կոալիցիոն ուժեր։
Անկախ իր կամքից՝ ՀՅԴ-ն պաշտոն ստանալուց հետո պարտավորվում է հավասարապես պատասխանատվություն կիսել Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության համար։
Թերեւս հարց է առաջանում՝ եթե Հայաստանում էլ նման իրավիճակ ստեղծվի, եւ ՀՅԴ-ն պաշտոն ստանա նաեւ Հայաստանում, արդյոք պատասխանատվություն իր վրա կվերցնի իշխանությունը կիսելու, թե միայն պաշտոն կստանա եւ վերջ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
«ԼՈՒԾՈՒՄԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄՆ Է»
«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հուլիսի 28-ին այցելել է Կենտրոնի թաղապետարան՝ «ՀայաՔվե» նախաձեռնությանը միանալու:
Թանդիլյանը հետ միասին եկել էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«ՀայաՔվեի» ստորագրահավաքին միանալուց հետո Մանե Թանդրլյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, մենք այնտեղ ենք: Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք եւ պատրաստ ենք յուրաքանչյուր նխաձեռնությանը միանալու, որը պետք է արտահայտի մարդկանց անհամաձայնությունը:
Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնը այսօրվա իշխանությունների դադարեցումն է որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք եւ այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու: Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն»:
ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԾԱԽՍԵՐ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներին, որպես դրամաշնորհային ծրագիր, «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 3 մլդ 281 մլն 370 հազար դրամ գումար: Նկատենք, որ, չնայած ամեն տարի գյուղատնտեսության համար ծախսվող գումարներին, այդ ոլորտը մեր երկրում չի զարգանում, կարճ ասած՝ պետության ներդրումների արդյունքը չի երեւում: Նախ՝ բույսերի համար եղանակային անբարենպաստ պայմաններից ամեն տարի տուժում են հեկտարներով ցանքատարածություններ, իսկ նախարարությունն ամեն անգամ նոր պատճառաբանություններ եւ օրենքներ է առաջ բերում, որպեսզի այդ վնասները չփոխհատուցի: Գյուղատնտեսական ապահովագրության համակարգը չի ներդրվում, այնինչ բանջարեղեն եւ մրգեր իրացնելը գյուղատնտեսների համար լուրջ պրոբլեմ է. բերքը անասելի էժան է վաճառվում սեզոնին: Մարդիկ ստիպված են լինում փողոցներ փակել, որ աճեցրածն իրացնեն: Կարճ ասած, շուկայում գործող մոնոպոլիաների պատճառով բերքը հաճախ կա՛մ վաճառվում է էժան գնով, կա՛մ փչանում է պահեստներում: Գյուղացիների ներդրած գումարները, որպես եկամուտ, այդպես էլ չեն արդարացվում, իսկ պետությունը ոլորտի զարգացման համար միլիոնավոր գումարներ պարզապես դեն է նետում: 3 մլդ դրամով, օրինակ, կարող էինք կառուցել Սեւանի ջրառի ջրատարը, որպեսզի ջրի ավելորդ կորուստներից խուսափենք եւ Արարատյան դաշտավայրի բոլոր ցանքատարածություններ ջուր հասցնենք: Նկատենք, որ դրամաշնորհների մեծ մասը տրամադրվել է սույն թվականի հունվարի 17-ին՝ այն ժամանակահատվածում, երբ գյուղատնտեսությունը գտնվում էր պասիվ վիճակում:
ԽՈՇՈՐ ԳՆՈՒՄ
Ռուստամ Բադասյանի ղեկավարած կառույցը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այս տարի հերթական խոշոր գնումն է կատարել: Ինչպես կառույցի պաշտոնական կայքից ենք տեղեկանում, ՊԵԿ-ն այս տարի շուրջ 234,8 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Քինգ Մարշալ» անվտանգության կազմակերպության հետ, որը պահնորդական եւ թիկնապահական ծառայություններ է իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ «Քինգ Մարշալ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2023թ.-ի կարիքների համար պահնորդական ծառայությունների ձեռք բերման նպատակով: «Քինգ Մարշալ»-ն իրականացնելու է ՊԵԿ-ի կողմից շահագործվող թվով 35 պահպանվող օբյեկտների, շենքերի եւ շինությունների, կառույցների, ինչպես նաեւ դրանց հարող տարածքների պահպանության եւ անվտանգության ապահովումը: Մեր գրավոր հարցման մեջ ՊԵԿ-ից հետաքրքրվել էինք՝ քանի որ այն կառավարությանն առընթեր կառույց է, ինչու չի դիմել ՊՊԳՎ-ին կամ ՀՀ ոստիկանությանը՝ համապատասխան օբյեկտների պահպանության համար: Պարզվում է՝ ո՛չ Ոստիկանությունը, ո՛չ էլ ՊՊԳՎ-ն չունեն բավարար ռեսուրս՝ պետական կառույցի օբյեկտների պահպանության համար: «2023 թ.-ին Կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների միջեւ տեղի են ունեցել անհրաժեշտ քննարկումներ, եւ իրականացվել են Կոմիտեի տարածքների եւ շենք շինությունների նախնական հետազոտություններ, ինչից հետո ՀՀ ոստիկանության կողմից ստացվել է պատասխան, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների թափուր հաստիքով պայմանավորված՝ ներկայումս հնարավոր չէ պահպանության ծառայության ստանձնումը»,- ասվում է ՊԵԿ-ից ստացված պատասխանում: