ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի կամուրջը, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ նույնիսկ հումանիտար մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«Դուք կարող եք տեսնել՝ հումանիտար բեռներով մեքենաները տեւական ժամանակ է, ինչ գտնվում են այստեղ: Մինչեւ այս պահը մենք շատ փոքր ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել ենք Արցախ, բայց վերջին ժամանակներում ընդհանրապես անհնար է որեւէ բան ուղարկել: Մեքենաներն այստեղ կանգնած են, եւ անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ»,-ներկայացրեց Ղուկասյանը:

Մարզպետն ընդգծեց՝ Արցախում քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները, իսկ Ադրբեջանն այդ ամենին արձագանքում է՝ ինտեգրացիայի մասին խոսելով։

«Սակայն այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա անընդունելի է բոլորիս համար: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, որոնք սոված են: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»,- ասաց մարզպետը՝ դիմելով դիվանագետներին:

Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետեւանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք:

Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով եւ պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան եւ հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պաշտոնի նշանակման մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը եւ Քրիստինե Ալեքսանյանի դիմումը` վերջինիս նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման եւ վերլուծությունների վարչության պետ՝ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.1-Ղ2-1) պաշտոնային դրույքաչափը սահմանելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»:

 

 

 

 

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը ազատվել է պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել տեղեկատվությունը, ինստիտուտի ընդունարանից մեզ պատասխանեցին, որ արդեն նախկին տնօրեն Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվել է նոր աշխատանքի անցնելու պատճառով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մանուչարյանը հրաժարվեց մեզ հետ խոսել:

Հավելենք, որ Մանուչարյանը 2015թ. նոյեմբերից մինչեւ օրս «ՀՀ ԳԱԱ, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում» աշխատում է որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, թեմայի ղեկավար, Տնտեսության իրական հատվածի բարեփոխումների բաժնի վարիչ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գրառումից տեղեկանում է, որ վերջինս  իր անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն է վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից՝ հավատարիմ մնալով 1991 թվականին հայ  ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին: Թովմասյանի՝ իր էջում կատարված գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մինչեւ վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:

Աստված պահապա՛ն Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»:

 

 

 

ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ

Բարձրագույն դատական խորհրդում նոր բախումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախարարի հարուցման հիմքը եղել են դատավորի դեմ ուղղված բողոքները, սակայն մեր աղբյուրները նշում են, որ իրականում շան գլուխը այլ տեղ է թաղված: Բանն այն է, որ մամուլը գրեց՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը, Նաիրա Հովսեփյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը, հավակնում են Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքներին։ Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի ցանկանում, որ Նաիրա Հովսեփյանը գնա Վճռաբեկ դատարան, ուստի որոշել են նրա գնալու գործընթացը կասեցնել՝ կարգապահական վարույթ հարուցելով: Ասել է թե՝ ԲԴԽ-ն կռիվ է սկսել բոլոր այն անձանց դեմ, որոնք հաշվի չեն նստում իրենց հետ, եւ թիրախում անգամ հայտնվում են իրենց ցանկալի դատավորները՝ ի դեմս պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մոր` դատավոր Նաիրա Հովսեփյանի, որը Աննա Հակոբյանի հետ ժպիտով նկարները հրապարակեց ու թիրախավորվեց դրա համար:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԵՐԸ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջապես արգելափակելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է ահագնանալ։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները, դեկտեմբերի 12-ից սկսած, արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Լեռնային Ղարաբաղում շարունակում են ոտնահարվել մարդկանց իրավունքները՝ կյանքի իրավունքը, կրթության իրավունքը, որակյալ առողջապահություն ստանալու իրավունքը:

«Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել: Եվ դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է Լեռնային Ղարաբաղում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին՝ բացելու Լաչինի միջանցքը, այլ նաեւ բացառիկ արհամարհանք է դրսեւորում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի վճիռների նկատմամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների եւ բեռների երկկողմանի անարգել երթեւեկությունը ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ դրված է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,-ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը շեշտեց՝ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները շատ դժվար կլինի կառուցողական համարել:




Լրահոս