Էդգար Յագուտյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, վրդովված լինելով այն հանգամանքից, որ «Կաբարկո» ՍՊԸ-ին պատկանող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության կայքէջում իր անվամբ բացված օգտահաշվով խաղարկությանը մասնակցելու արդյունքում 2022թ. ապրիլի 14-ին շահած «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը տեւական ժամանակ իրեն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ սպասարկման կենտրոններում համապատասխան մոդելի բջջային հեռախոս չկա, իսկ շահումները տրվում են եռամսյա ժամկետում, 2022 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,
որպես հաճախորդ մտել է Երեւան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության սպասարկման կենտրոն, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը. նախ նստել է սպասարկման կենտրոնի աշխատակցի՝ այդ պահին ազատ աթոռին, պահանջել է շրջանցել շահումները եռամսյա ժամկետում տրամադրելու սահմանված կարգն ու իրեն տրամադրել իր շահած «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը, անտեսել է անվտանգության աշխատակից Սասուն Տիգրանյանի հորդորը՝ սպասարկման կենտրոնի աշխատանքներին չխոչընդոտելու համար ազատել սպասարկման կենտրոնի աշխատակցի աթոռը եւ նստել սրահում գտնվող այլ աթոռի, հայտարարել է, որ չի հեռանա, մինչեւ չստանա իր շահումը, ասել է, որ եթե իր շահումը չեն տալիս, ուրեմն ինքը կարող է ջարդել սպասարկման կենտրոնի համակարգչի մոնիտորը, այնուհետեւ տեղից կանգնելով՝ ձեռքով հարվածել է սեղանին դրված «LG 22mp38 LED» մոդելի համակարգչային մոնիտորին, ցած գցել այն, ապա կողաշրջել է իր դիմաց գտնվող սեղանը, ինչի արդյունքում սեղանին դրված «Canon MF 232» մոդելի պատճենահանման սարքը, GXP2130 մոդելի ցանցային հեռախոսը եւ ստեղնաշարն ընկել են գետնին եւ վնասվել, այնուհետեւ էդգար Յագուտյանը ձեռքով հարվածել եւ գետնին է գցել կողքի սեղանին դրված «LG 22mp38 LED» մոդելի համակարգչային մոնիտորը, կողաշրջել է այդ սեղանը՝ այդ ընթացքում տալով անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո, շարունակելով խուլիգանական գործողությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով սպասարկման կենտրոնում ներկա գտնվող աշխատակիցների եւ հաճախորդների նկատմամբ, անտեսելով անվտանգության աշխատակցի դիտողությունները, մոտեցել է սպասարկման կենտրոնում գտնվող «Իզի ՓԵյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալին, ձեռքով հարվածել եւ ջարդել է տերմինալի էկրանը, այնուհետեւ մոտեցել է սպասարկման կենտրոնի սենյակներից մեկին, տեսնելով, որ աշխատակցուհին վախեցած փակում է սենյակի դուռը՝ ոտքով հարվածել է աշխատասենյակի փակ դռանը, արդյունքում շուրջ 30 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, խաթարել «Կաբարկո» ՍՊԸ-ին պատկանող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության Երեւան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող սպասարկման կենտրոնի աշխատանքը՝ աշխատակիցների եւ հաճախորդների մոտ ստեղծելով տագնապի եւ վախի մթնոլորտ: Բացի այդ, էդգար Սաշիկի Յագուտյանը, վրդովված լինելով այն հանգամանքից, որ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության կայքէջում իր անվամբ բացված օգտահաշվով խաղարկությանը մասնակցելու արդյունքում 2022թ. ապրիլի 14-ին շահած «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը տեւական ժամանակ իրեն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ սպասարկման կենտրոններում համատասխան մոդելի բջջային հեռախոս չկա, իսկ շահումները տրվում են եռամսյա ժամկետում, եւ որ 2022թ. մայիսի 27-ին վերոհիշյալ ընկերության Երեւան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող սպասարկման կենտրոնում կրկին մերժել են իրեն, իսկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, 2022թ. մայիսի 28-ին գիշերային ժամերին 3 անգամ զանգահարել է «Կաբարկո» ՍՊԸ-ին պատկանող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության զանգերի սպասարկման կենտրոն, աշխատակցուհուն պատմել է, որ դեռեւս 2022թ. ապրիլին շահել է «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոս, սակայն իր շահումն իրեն չեն տալիս, անտեսելով աշխատակցի պարզաբանումները՝ շահումները եռամսյա ժամկետում հանձնելու կարգի մասին, եւ որ այդ ժամկետում իր շահումը կտրամադրվի իրեն՝ հայտնել է, որ նախորդ օրը ջարդել եւ վնասել է Երեւան քաղաքի Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության սպասարկման կենտրոնի գույքը, եւ եթե իր շահումն իրեն անհապաղ չտրամադրեն, պատրաստվում է շարունակել իր գործունեությունը, ջարդել ու վնասել ընկերության մյուս մասնաճյուղերի սպասարկման կենտրոնների գույքը եւ պատճառել խոշոր չափի՝ մինչեւ երեք միլիոն ՀՀ դրամի վնաս:
ԱՄԻՐՅԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սահակ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամիրյան 5-րդ շենքի բակում գտնվող, իրեն պատկանող մետաղական ավտոտնակի դիմաց Վահե Ղեւոնդի Կիրակոսյանի կնոջը պատկանող «Ինֆինիտի FX35» մակնիշի 01 MG 070 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը կայանելու շուրջ ծագած խոսակցության ժամանակ վիճաբանել է Վահե Կիրակոսյանի հետ, ինչի ընթացքում ավտոտնակից վերցնելով փայտե մահակը՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ դիտավորությամբ Վահե Կիրակոսյանին պատճառելով ձախ նախաբազկի զույգ ոսկրերի փակ կոտրվածք, տեղաշարժով մարմնական վնասվածք, ապա միեւնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել «Ինֆինիտի FX35» մակնիշի 01 MG 070 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներին՝ դիտավորությամբ վնասելով այն, որից հետո պարզաբանման համար շենքի բակ եկած Վահե Կիրակոսյանի եղբոր՝ Արամ Ղեւոնդի Կիրակոսյանի եւ վերջինիս բարեկամ Ռոմեո Ժորայի Հայրապետյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ, նախազգուշացնելով իրեն սպասելու հանգամանքի մասին, գնացել է Ամիրյան 3-րդ շենքի իր բնակարան եւ ապօրինաբար Վահե ու Արամ Կիրակոսյաններին եւ Ռոմեո Հայրապետյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված գործարանային արտադրության «կԾ Մակարով» տեսակի 9ճ18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով։
Այս ամենից հետո իջել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 5-րդ շենքի բակ, որտեղ ատրճանակը պահելով հավաքված Արամ եւ Վահե Կիրակոսյանների, Ռոմեո Հայրապետյանի, նույն շենքում տեղակայված «Երեւան Պանդոկ» ռեստորանի աշխատակիցներ Արտակ Վարդգեսի Առաքելյանի, Հայկ Արտյուշայի Հովհաննիսյանի, ռեստորանում պահնորդական ծառայություն իրականացնող Կարեն Թադեւոսի Ղարիբյանի ուղղությամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով Արտակ Առաքելյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Կարեն Ղարիբյանի կյանքի համար՝ արձակել է երեք կրակոցներ, որից հետո վերջիններս դիմել են փախուստի տարբեր ուղղություններով, իսկ Սահակ Սահակյանը, շարունակելով հանցավոր մտադրության իրականացումը, հետապնդել է փախուստի դիմող Արամ Կիրակոսյանին եւ նրա հետեւից կատարել է եւս մեկ նշանառու կրակոց, ինչի հետեւանքով Արամ Կիրակոսյանին պատճառել է աջ սրունքի միջին երրորդ գծային մակերեսի պատռած վերք՝ հրազենային վիրավորման ձեւով մարմնական վնասվածք, իսկ Ռոմեո Հայրապետյանին ձախ զսպատեղի հրազենային վիրավորման ձեւով մարմնական վնասվածք՝ Արամ Կիրակոսյանի, Վահե Կիրակոսյանի եւ Ռոմեո Հայրապետյանի սպանությունն ավարտին չհացնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵՑ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստում դատարանը փոխել է Մհեր Սահակյանի խափանման միջոցը: Մասնավորապես, Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվել է «գրավ» խափանման միջոցով:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այս տարվա մարտի 31-ին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Ըստ նախաքննական մարմնի՝ Մհեր Սահակյանը մոտեցել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետեւանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից:
Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։
Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի (խուլիգանություն) առաջին մասով եւ 171-րդ հոդվածի (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը:
ՄԱՀԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿԸ
Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ի կեսգիշերին ողբերգական վթարից հետո մահացել է նաեւ հիվանդանոց տեղափոխված եւս մեկ երիտասարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» եւ «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղեւոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ մահացել էին նաեւ 43-ամյա Սարգիս Լեւոնյանը եւ 25-ամյա Շանթ Ժուռոյանը:
Հուլիսի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաեւ 30-ամյա Աշոտ Կոստանյանը:
Քրեական վարույթը շարունակվում է: