Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2018 թ. կազմել է 1 մլրդ դրամ, 2019թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2020թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.՝ 5,8 մլրդ դրամ, 2022թ.՝ 9,7 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետեւյալ ոլորտներում՝ ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցների սպասարկում, գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում/վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում եւ այլն:
2022 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 34 ծրագրերի ընդհանուր արժեքը 144 ենթածրագրերով կազմել է 9 մլրդ 691 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5 մլրդ 592 հազար դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 4 մլրդ 63 մլն դրամ, այլ ներդրողներինը՝ 35 մլն 413 հազար դրամ:
2022 թ. ավարտվել են 148 շինաշխատանքներ: Քաղաքաշինության ոլորտից բխող միջոցառումների արդյունքում իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի 350 մշտադիտարկում, տրվել է 486 շինթույլտվություն, եղել է 8 միկրոռեգիոնալ փաստաթուղթ, 1248 կմ եւ 185.3 կմ ճանապարհների պահպանություն:.
Տեղեկացվել է, որ 2023թ. ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11.2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ:
2018-2022թթ. Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր են իրականացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլրդ դրամ:
2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:
ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը 2022 թվականի հայտարարատու տարվա տարեվերջին հայտարարգրել է 8 անշարժ գույք, որից մեկը բնակարան է, որը գնվել է 2001 թվականին Երեւանում, եւս մեկ բնակարան ստացել է ժառանգություն 1993 թվականին, իսկ գույքի մնացած մասը հողամասեր են Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Լճաշեն համայնքներում:
Տվյալ տարվա վերջում առկա որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է երկու մեքենա՝ 2007 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերվել 2013 թվականին, եւ 1993 թվականի արտադրության OPEL, որը գնվել է 2002 թվականին:
Դատավորի բանկային ավանդները կազմել են 2 մլն դրամ եւ 13 հազար դրամ: Նրա բանկային դրամական հաշիվների մնացորդները կազմել է 2 մլն դրամ եւ 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ:
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 426 հազար դրամ, որից 15 մլն 416 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, իսկ 4 մլն 290 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Երեւանի պետական համալսարանից: Վաղարշյանի եկամտի 4 մլն 290 հազար դրամը վարկերն է:
Արթուր Վաղարշյանը հանդիսանում է ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր, իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՀՀ իրավաբանների միության անդամ, Երկրապահ կամավորների միության անդամ: Վաղարշյանի դուստրը եւ որդին սովորում են Երեւանի պետական համալսարանում. նրանց հոր՝ դասախոս լինելու շնորհիվ՝ նրանք ստանում են 50-70% ուսման վարձի զեղչ:
Վաղարշյանի կինը՝ Ռուզաննա Վաղարշյանը, 2016 թվականին գնել է բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 019 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Երեւանի պետական համլսարանից. նա աշխատում է որպես լաբորանտ:
Հիշեցնենք, որ Արթուր Վաղարշյանի որդին ձերբակալվել էր Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում, որը դոփել է տեղում եւ որեւէ լուծում չի ստանում: Գուցե քրեական գործի ձգձգումը կապված է նրա հետ, որ ՍԴ անդամի որդուն էլ են փորձում «ջրից չոր դուրս հանել»: Ինչեւէ, հետեւենք զարգացումներին:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՎԵԼ
Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում՝ գյուղի փոստային բաժանմունքի շենքի մոտ փլվել է Աղստեւ գետի վրա ձգվող հետիոտնի կամուրջը։ Այժմ գետի աջ ափին գտվող թաղամաս այցելելու համար հաղարծնեցիները ստիպված են երկար ճանապարհ անցնել։ Հայտնի չէ, թե այդ հետիոտնի կամուրջը վերականգնվելու է արդյոք, երբ եւ ում ֆինանսական միջոցներով։
ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐԻ ԽՆԴԻՐ
Ներկայումս Դիլիջան քաղաքում պետական սուբվեցիոն ծրագրերով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Այդ ծրագրերի մի զգալի մասը փողոցների կապիտալ շինարարություն, հիմնանորոգում է։ Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ փողոցների հիմնանորոգումը կատարվում է շինարարական պատշաճ որակով։ Դիլիջան քաղաքի բնակիչները հայտնում են, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը հիմնանորոգվել է, սակայն փողոցի միայն մեկ կողմում է կառուցվել անձրեւաջրերի հեռացման համար նախատեսված սելավատար, հիմնանորոգված այդ ճանապարհի թեքությունը շինարարները սխալ են տվել, հորդ անձրեւներից հետո սելավատարի դիմացի կողմում գետի նման մեծ քանակով անձրեւաջրեր են հոսում։ Դիլիջան քաղաքի բնակիչներին միավորող՝ Ֆեյսբուքի «Դիլիջանցիք» խմբում քաղաքի բնակիչներից մեկը տեսանյութ է տեղադրել՝ հորդ անձրեւից հետո կոյուղատարից մեծ շիթով կեղտաջուր է թափվում քաղաքի փողոցներից մեկի ասֆալտի ծածկին։
ԴԱՏ՝ ՎԱՐԿԻ ԳՈՐԾՈՎ
«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Ավետիք Խորենի Ադամյանի եւ «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ի՝ 9 միլիարդ 192 միլիոն 181 հազար 30 դրամ բռնագանձման եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջներով։ Գրավը նշված ճագարաբուծական տնտեսությունն է, որը վաղուց չի գործում։ Ավետիք Ադամյանը Բերդի տարածաշրջանի համայնքները տնօրինող «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն մասնաճյուղի» երկարամյա տնօրենն է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Ավետիք Ադամյանն ազատվել է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի պաշտոնից, հետո նրան նորից են նշանակել այդ պաշտոնում։ Ավետիք Ադամյանի եւ Արծվաբերդի անտառտնտեսության այլ պաշտոնյաների վերաբերյալ, ապօրինի անտառհատումների հետ կապված, քրեական գործ է քննվում Տավուշի մարզի աաջին ատյանի դատարանում։ 2023թ. հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում դատավոր Նարինե Անանյանը որոշել է «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ներկայացրած քաղաքացիական գործով անցնել դատաքննության։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ