ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաեւ առաջնահերթ եւ կարեւոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը:
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսելու բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաեւ պատրաստելու մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից եւ ապահովելու պարտադիր միջնակարգ կրթությունը: Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:
Որոշմամբ նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 107 մասնագիտությամբ:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել հանրապետությունում գործող ուսհաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաեւ հաստատություններին հատկացվելիք, ըստ մասնագիտությունների, տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Որոշմամբ նախատեսված անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող ՄԿՈւ հաստատություններին:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս՝ պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2023/2024 ուսումնական տարվա համար նախատեսվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 255, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 257 պահուստային տեղեր:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նաեւ փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» եւ «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին: Ներդրվելու են նաեւ նոր՝ «Կահույքի արտադրության տեխնոլոգիա» եւ «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում», իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «Ավիացիոն սարքեր եւ համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան եւ կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» եւ «Ագրոնոմիա» մասնագիտությունները: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 25 ուսումնական հաստատություններում:
Որոշմամբ սահմանվել է նաեւ պետության համար կարեւոր եւ առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ: Մասնագիտություններն ընտրվել են՝ հետեւյալ սկզբունքներից ելնելով՝ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը, տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, ինչպես, օրինակ, անասնաբուժությունը։ Ուստի, կարիք կա ներդնել խրախուսման նոր մեխանիզմներ՝ այս ուղղություններով դիմորդների հոսքը մեծացնելու եւ մասնագիտական կադրեր պատրաստելու համար։
Միաժամանակ այն մասնագիտություններով, որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ, ինչպես, օրինակ, կաթիլային ոռոգման համակարգի մոնտաժման մասնագետների կամ ջերմատնային տնտեսության մասնագետների պարագայում։
Մասնագիտությունների ցանկը, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, կարող է փոփոխություն կրել, հետեւաբար այն պարբերաբար կվերանայվի հետագա տարիներին։ Կրթաթոշակի տրամադրման եւ նոր մոտեցումների հիմնավորումը ներկայացված է ներկայում շրջանառվող «ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծում:
ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երեւան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետի 2004 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ՝ Արշակունյաց 28/11 հասցեում գտնվող 192 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), սակայն հետագայում, առանց դրա նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության, Երեւանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է քաղաքացի Ռ.Ա.-ին:
Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ վերը նշված 192 քմ մակերեսով հողամասը գտնվում է հասարակական նշանակության կանաչ տարածքի գոտում:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, խախտելով վերոնշյալ որոշումների, ինչպես նաեւ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջնեհո, 2012 թվականի նոյեմբերի 23-ին մասնավորեցման ոչ ենթակա, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող հասարակական նշանակության 192 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով փոխանցել են Ռ.Ա.-ին՝ էական վնաս պատճառելով պետության (համայնքի) օրինական շահերին։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի հուլիսի 18-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի հուլիսի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը 2023 թվականի հուլիսի 26-ին Երեւանի քաղաքապետի՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը եւ դրա հետեւանքները վերացնելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
ՊԵՏՊԱՏՎԵՐ՝ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՀԱՄԱՐ
Կառավարությունը 2020 թվականից սկսել է ծրագիր, որի շրջանակներում անվճար տրամադրում է դեղորայք Հեպատիտ Ց-ի համար:
Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց.
«Առողջապահության նախարարությունը Կառավարության հետ համատեղ իրականացնում է պետական բյուջեի միջոցների շրջանականերում թեստավորում արագ թեստերի շնորհիվ: Միջազգային դոնորների աջակցությամբ փորձում ենք իրականացնել այս ծրագիրը՝ թեստավորում պոլիկլինիկաներում, շարժական կլինիկաների միջոցով: Ինչպես նաեւ ՊՇՌ թեստավորումն է արդեն իսկ սկսվել անվճար իրականացվել պետական բյուջեի շրջանակներում»։
Նախարարի տեղակալը հավելեց, որ այն անձինք, բուժաշխատողները, որոնք աշխատում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, նույնպես պետական բյուջեի շրջանակներում են ստանում իրենց հասանելիք աշխատավարձերը, որպեսզի կարողանան հիվանդներին տրամադրել այդ բուժօգնությունը:
Հավելենք, որ քրոնիկ Հեպատիտ Բ-ի եւ Ց-ի դեպքերը, ինչպես նաեւ Հեպատիտ Բ-ի հակածնակիրները եւ Հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձեւերում: Վերը նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում սուր Հեպատիտ Բ-ի հիվանդության ցուցանիշը նվազել է 12 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 1,3 անգամ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ