«ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ»-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ.» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:

 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Հայաստանի մշակութային դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ։

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան մշակութային եւ ստեղծարար ոլորտի կազմակերպություններին՝ ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանել շփումները մշակույթի գործիչների միջեւ եւ զարգացնել մշակութային բազմազանությունը Հայաստանում: Ծրագրի շրջանակում տրամադրվում են դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի եւ մի շարք այլ ոլորտներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ այն համարելով Հայաստանի մշակութային կյանքում կարեւոր իրադարձություն:

«Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերային կապերը տարեցտարի է՛լ ավելի են զարգանում. դրա մասին է վկայում նաեւ այսօրվա ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան­սավորման համաձայնագիրը: Այսպիսով, մենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, այլեւ մեզ համարում ենք եվրոպական մեծ քաղաքակրթական ընտանիքի անդամ,- ասել է նախարարը եւ հավելել:- «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ?» համաձայնագրի շրջանակում մշակութային համագործակցության հիմքում դրված նպատակներն ամբողջովին համահունչ են «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը»»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ թե՛ ռազմավարության, թե՛ համաձայնագրի առանցքային նպատակներն են մշակութային կյանքի հասանելիությունը եւ ներառականությունը, մշակութային եւ ստեղծարար ոլորտների արդիականացումը, դրանց զարգացման եւ ստեղծագործողների կարողությունների դրսեւորման ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորումը, Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող ու ստեղծող երկիր եւ  այլն:

«ԿԳՄՍ նախարարությունը մեծապես կարեւորում է գրասենյակի առաքելությունը՝ ուղղված եվրոպական մեծ մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը եւ կշարունակի շարունակական աջակցություն ցուցաբերել տեղեկատվական կենտրոնի գործունեությանը: Մաղթում եմ աշխատանքային խմբին անխափան գործունեություն, իսկ ստեղծարար ոլորտի հանրությանը՝ հաջողված նախագծերի իրականացում Եվրամիության մշակութային դաշտում»,- եզրափակել է խոսքը Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ընդգծել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կարեւորությունը հստակ գործիքակազմի, աջակցող մեխանիզմների առկայության տեսանկյունից եւ նշել՝ ճիշտ համակարգման պարագայում գրասենյակի գործունեությունը կգրանցի շարունակական հաջողություններ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը եւս շնորհավորել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով կարեւոր քայլ մշակույթի ոլորտի բոլոր նախաձեռնություններում: Ըստ դեսպանի՝ ծրագրի նպատակն է թիրախավորել մշակույթի ոլորտում առկա կարիքները եւ ապահովել մշակութային բազմազանությունը Հայաստանում:

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն գրասենյակի առաքելության իրականացմանն ու ոլորտի զարգացմանը:

Բացման արարողությունն ուղեկցվել է տաղանդավոր պատանի երաժիշտների (քանոնահարներ) համերգային կատարմամբ:

 

 

 

ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՔՈՂՈՎ

«Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը, նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

 

«Հ.Գ. Լուսանկարներում՝ վանքի շքամուտքի արձանագրությունը մինչեւ ոչնչացումը, ոչնչացումից հետո եւ տեղում անճոռնի մի այլ քարի տեղադրումից հետո»,- գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով վանքից:

 

 

 

 

«ԲԱՐԲԻ»-Ն՝ ՀԱՋՈՂՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում պրեմիերայի առաջին հանգստյան օրերին վաստակել է 377 միլիոն ԱՄՆ դոլար. արդյունքում այն դարձել է երբեւէ կին ռեժիսորի կողմից նկարահանված՝ համաշխարհային կինովարձույթում ամենահաջողված պրեմիերան ունեցած ֆիլմը. հայտնում է The Guardian-ը:

Հյուսիսամերիկյան կինովարձույթում (ԱՄՆ-ն եւ Կանադան) «Բարբի»-ն զբաղեցրել է առաջին տեղը՝ 155 միլիոն դոլարի տոմսերի վաճառքով:

Միջազգային կինովարձույթում «Բարբի»-ն վաստակել է 182 միլիոն դոլար:

Մինչդեռ, «Բարբի»-ի՝ կինոսեզոնի «մրցակիցը»՝ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմերը», համաշխարհային կինովարձույթում հավաքել է 174 մլն դոլար:

 

 

 

«ՓՅՈՒՆԻԿ»-Ը ՀԱՂԹԵՑ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց շվեդական «Կալմար»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով եւ հստակ գործում պաշտպանությունում: «Փյունիկ»-ն էլ, «Կալմար»-ն էլ հավասար պայքար էին ծավալել: «Կալմար»-ին, սակայն, հաջողվեց մինչ ընդմիջումն առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Տրենսկովը:

Երկրորդ կեսի մեկնարկում «Փյունիկ»-ը վերգտավ իր խաղը եւ կարողացավ իրացնել իր պահը: 55-րդ րոպեին աչքի ընկավ Յուրիչիչը: «Փյունիկ»-ն, այնուամենայնիվ, կարողացավ հաջողության հասնել եւ 81-րդ րոպեին Բրավոն արագ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում եւ գրավեց «Կարլմար»-ի դարպասը: «Կալմար»- «Փյունիկ»` 1:2:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` օգոստոսի 3-ին:

 

 

 

ՄԵԴԱԼ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏԻՑ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Մինչեւ 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին եւ դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում եւս փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Մ20 տարեկանների պայքարում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ): Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր՝ Մ20 տարեկանների հավաքական՝ Սեյրան Խուդանյան (55 կգ), Մերուժան Եղոյան (61 կգ), Տիգրան Կարապետյան (67 կգ), Գոռ Սահակյան, Մարտին Պողոսյան (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Ֆելիքս Գեւորգյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), պահեստայիններ՝ Աշոտ Մովսիսյան, Վազգեն Գրիգորյան (+109 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Մ23 տարեկանների հավաքական՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Գեւորգ Ղահրամանյան (89 կգ, պահեստային), Արա Աղանյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան, Յաշա Մինասյան (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյան (87 կգ), Լուիզա Սահրադյան, Մերի Թումասյան (+87 կգ)։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:




Լրահոս