ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին ԿՄԽԿ ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ, 1955թ. ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետեւ անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հարցին, թե ինչու չեն վերադարձնում անձնագիրը, ադրբեջանցիները պատասխանել են, որ 5 րոպեից կտրամադրեն։ Այդ ընթացքում Վագիֆ Խաչատրյանին ուղեկցել են ադրբեջանական անօրինական «անցակետում» տեղակայված բժշկական սենյակ, որտեղ նրան հարցեր են ուղղել՝ առողջության հետ կապված, հետաքրքրվել ՀՀ տեղափոխվելու առողջական պատճառներից։

 

Այնուհետեւ տեղեկացրել են, որ պետք է 15 րոպեով ուղեկցեն «անցակետի» մոտակայքում տեղակայված սենյակներից մեկը մի քանի հարց ուղղելու համար։ Վագիֆի դուստրը եւ ԿԽՄԿ ներկայացուցիչը պնդել են, որ հարցերը կարող են ուղղել հենց անցակետում, այլ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Դրանից հետո ադրբեջանցիները սպառնացել են, որ դա կանեն ուժի կիրառմամբ։ Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։ Խաչատրյանին եւ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղեւորվել է դեպի կամրջի ներքեւի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։

Դեպքի առնչությամբ, ինչպես նաեւ Արցախում առկա իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի վերջին գործողության՝ քաղաքացուն բռնի կերպով տանելու եւ հանցավոր խումբ  ստեղծելու եւ 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին մասնակցելու համար մեղադրելու  հետ կապված՝ ի՞նչ վիճակ է այժմ:

-Իրավիճակն անփոփոխ է, այնպիսին է, ինչպես ամեն օր նկարագրում ենք, ու գնալով ամեն բան ավելի է վատթարանում: Իհարկե, այն, ինչ կատարվել է, պետական ահաբեկչություն է միանշանակ: Կարող եմ ասել, որ հայատյացության ամենավատ դրսեւորումներից մեկն է: Իրեն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, եւ թե ինչ վիճակում պետք է որ լինի այդ մարդը այնտեղ, կարծում եմ՝ բոլորս էլ շատ լավ գիտակցում ու հասկանում ենք: Շատ լավ ենք տեսնում, թե ինչ է կատարվում, երբ ինչ-որ շինծու գործ են բերել, այդ մարդու գլխին կապել, իբրեւ թե ինչ-որ մեկն է  90-ականներից հայտնվել եւ մեղադրում է իրեն: Սուտ է, գռեհիկ ու զզվելի  թատրոն է պարզապես: Միջազգային հանրությունն էլ պապանձված է: Փոխարեն ինչ-որ քայլերով Ադրբեջանին սաստեն, ինչ-որ պատժամիջոցներ կիրառեն նրա դեմ եւ այլն, պարզապես լռում են:

-Իսկ հանրահավաքները ի՞նչ փուլում են, պարո՛ն Բաբայան:

-Ես կարծում եմ, որ այդ ամենը պետք է լինի բացառապես պետական  վերահսկողության ներքո: Ես անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը կարող է  իրավիճակը բարդացնել: Միայն պետությունը կարող է եւ պետք է լինի նախաձեռնողը  այդ ամենի:

-Պարո՛ն Բաբայան, բեռները այդպես էլ տեղ չհասա՞ն: Դեսպանները, իրենց առաքելությունը ավարտված համարելով, լքեցի՞ն տարածքը:

-Իհարկե, այդպես է: Դրանով իրենք փաստացի ցույց են տվել, որ  ցանկացած նման նախաձեռնություն կարող են տապալել: Ինչու՞. քանի որ միշտ իրենց նման լկտի պահվածքը հանդուրժել ենք,  եւ իրենք էլ, իրենց նավթի, գազի առկայության հիման վրա, ինչ ուզում, անում են, եւ Արեւմուտքն էլ փակում է աչքերը, խաղաղապահները ի վիճակի չեն, աշխարհն էլ լռում է: Այս ամենը պարզապես խայտառակություն է:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանին անցանկալի, գուցե նվաստացնող հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ իրականացվող արշավը, անձնական վիրավորանքներն ու թիրախավորումն անթույլատրելի են:

Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ահազանգել եմ խնդրի մասին:

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պաշտոնյաներին անհարմար դրության մեջ դնող եւ նվաստացնող հարցեր է տվել նախկինում եւ պարտավոր էր պատրաստ լինել նրան, որ հատկապես հայրենիք հանձնելու իր շարունակական գործողություններից հետո իրեն կտրվեն միայն անցանկալի հարցեր»:

 

 

 

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է հետեւյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար դժգոհություններ էր ստանում կառուցապատմամբ զբաղվող ընկերություններից, որոնք պնդում են, որ այս նախագիծը մեծ վնաս է հասցնելու կառուցապատման ոլորտին. կառուցապատողները նշում են, որ եթե գումար չստանան, չեն կարողանա աշխատանքը կատարել, նրանք մտադիր են մինչեւ անգամ բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ պատգամավորի հեղինակած նախագծի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բարձրացած մեծ աղմուկից հետո Գեւորգ Պապոյանը հետ է կանչել իր նախագիծը: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք պատգամավորի հետ: Վերջինս նշեց, որ նախագիծը հետ չի կանչել եւ նման մտադրություն էլ չունի:

«Նախագիծը հետ չեն կանչել, շուտով նաեւ կհրապարակեմ՝ ինչ տեսքով եմ ԱԺ-ին առաջարկելու, որ երկրորդ ընթերցմամբ ընդունի նախագիծը: Նախագծում որոշ փոփոխություններ լինելու են, բայց նախագիծը հանելու մտադրություն չունեմ, անգամ նման քննարկում չի եղել»,-ասաց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Դատավորները պատրաստվում  են բոյկոտի, իսկ թե բոյկոտը  ինչ կերպ կդրսեւորվի, դատավորները դեռ թեժ քննարկում են: Բանն այն է, որ հուլիսի 19-ին  դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Հաջորդ ժողովը նշանակվել է օգոստոսի 4-ին: Իսկ ինչո՞ւ էր նիստը հետաձգվել: Բանն այն է, որ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրել՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի: ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաեւ այլ դատավորներ։ Եւ, ահա, այս հանգամանքն էլ դատավորները  բարձրաձայնեցին, ու օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տպավորություն էր, որ այս ամենից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պետք է կազմակերպեր պատշաճ ծանուցում բոլոր այն դատարաններին ու դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամ դառնալու չափանիշներին, սակայն իրավիճակը չի փոխվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի հանձնվում ու ծանուցել է միայն մարզերի դատավորներին։ Արդյունքում դատավորները որոշել են բոյկոտել, իսկ թե ինչ կանեն, կհետեւենք զարգացումներին։  Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին, սակայն անգամ այս հարցը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի թեթեւ ձեռքով օրակարգ չէր մտել, ուստի կռիվը դատական համակարգում առջեւում է։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին:

«Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հիշեցնելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումների մասին՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:




Լրահոս