«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքի աղբահանության հետ կապված խնդիրներին եւ ներկայացրել քաղաքում տիրող ամխիթար իրավիճակը։ Վերջերս ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչու են «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի մեքենաները խոտանված, որքան գումար է ծախսվել բեռնատար մեքենաների սպասարկման համար: Հետաքրքրվել էինք նաեւ, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել գումարները, ինչպես նաեւ նշել էինք, որ տեղեկություններ ունենք՝ մեքենաների յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, մեքենաների հերթական տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար էլ մեքենաների շարժիչները անսարք վիճակում են:
Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են. ««Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը բեռնատար մեքենաների սպասարկման համար 2022թ. ծախսել է 483.580.645 դրամ: Գումարները ծախսվել են ըստ անհրաժեշտության՝ տարբեր ավտոպահեստամասեր ձեռք բերելու նպատակով, այդ թվում՝ յուղեր-71.379.722 դրամ, պահեստամասեր-122.244.525 դրամ, վերանորոգման ծառայություններ-285.693.880 դրամ, հարակից բաղադրիչներ ու այլ նյութեր-4.262.518 դրամ: Տեղեկացնում ենք, որ հիմնարկի մեքենաները հերթական տեխզննումներն անցնել են սահմանված ժամկետում, իսկ յուղերի ձեռք բերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով. տեխնիկական բնութագրին համապատասխան նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մատակարարը ճանաչվել է հաղթող մասնակից»։
ArmLur.am-ը նաեւ բազմիցս դժգոհություններ է ստացել այն մասին, որ «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ծեծի, հայհոյանքների, ստիպողաբար ավելի աշխատացնելու եւ չվճարելու իր գործելաոճով է հայտնի, ինչի հետեւանքով զանգվածային ազատման դիմումներ են գրում այդ հիմնարկի աշխատակիցները։ Շատերն էլ ազատման դիմումներ չեն գրել՝ վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն. պարզապես աշխատանքի չեն գնում։
Հետաքրքրվեցինք քաղաքապետարանից, թե ինչ տեղեկություն ունի քաղաքապետարանը այս մասին, ինչ մթնոլորտում են աշխատում «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկում, եւ ինչու են աշխատակիցները ազատման դիմումներ գրում, որին քաղաքապետարանից պատասխանեցին. «Հիմնարկի տնօրեն Բ. Աղաջանյանի դեմ տարածված անհիմն տեղեկություններն այն մասին, թե հիմնարկում տիրում է վախի մթնոլորտ, եւ աշխատակիցներին ստիպողաբար աշխատեցնում է առանց հավելավճարի, չեն համապատասխանում իրականությանը։ Նշենք նաեւ այն, որ տնօրենը աշխատակիցների նկատմամբ երբեւէ ֆիզիկական ուժ չի գործադրել, իսկ արտաժամյա աշխատանքի դիմաց աշխատակիցները ստացել են լրավճար։ Բ. Աղաջանյանը գործում է՝ ՀՀ օրենսդրության, հիմնարկի կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 995 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին ավելացել են՝ կազմելով 3 մլն 611 հազար դրամ, իսկ բանկային դրամական հաշիվները կազմել են 1 մլն 010 հազար դրամ։ Մարզում քաղաքական հաջողություն չգրանցած Մկրտչյանը ուժերը փորձել է՝ Ազգային Ժողովում պատգամավոր դառնալով։ Նա 2019 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։ Մկրտչյանի կինը՝ Կարինե Ազարյանը, 2021 թվականին ձեռք է բերել մեքենա՝ Hyundai մակնիշի։ Նրա բանկային հաշիվները կազմել են 377 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 900 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 771 հազար դրամ, որից 743 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, որտեղ դասախոսում է։ Կնոջ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել են 4 մլն 517 հազար դրամ Էրեբունի բժշկական կենտրոնից եւ 510 հազար դրամ՝ «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈՒԱՂ ՍԵՂՎԻԵ ՍԱՍ ԸՆԿ» Հ/Մ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 618 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում լրատվական դաշտում աշխատած Արեն Մկրտչյանը մինչ պատգամավոր դառնալը տուն չի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Ասել է թե՝ Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում են լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել, ու չի բացառվում, որ գործը ջարդեն բժիշկների գլխին, իսկ խոշոր ձկներին պատասխանատվության չկանչեն, ինչպես ավանդաբար: Թե ինչից հետո են իրավապահները որոշել չգնալ խոշոր ձկների հետեւից, կներկայացնենք առաջիկայում։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
Նոր իշխանությունները դեռ 2018 թվականին փաստում էին, որ վերջ է տրվելու «ԽԾԲ»-ով՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով պաշտոնի նշանակումներին։ 2018 թվականից, սակայն, Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվել է Գագիկ Գեւորգյանը, որն աշխատանքի վարձատրություն է ստացել ՀՀ վիճակագրական կոմիտեից 10 մլն 055 հազար դրամի չափով։ Իսկ նրա եղբայրը Արմեն Գեւորգյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ, որը Հաշվեքննիչ պալատից ստացել է 11 մլն 356 հազար դրամ։ Արմեն Գեւորգյանի ընտանիքի անդամները եւս աշխատանքի են անցել ՀՀ վիճակագրական կոմիտեում. նրա դուստը՝ Աննա Գեւորգյանը, ըստ հոր հայտարարագրի, աշխատում է ՀՀ վիճակագրական կոմիտեում՝ որպես «ՎՏՀ» ծրագրի ԱԸՀ որակի վերահսկող, սակայն, ըստ իր հայտարարագրի, նրա աշխատավայրը Հաշվեքննիչ պալատն է։ Գեւորգյանի հետ համատեղ բնակվող Անահիտ Օհանյանը աշխատում է իբրեւ «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» ծրագրի գնումների մասնագետ եւ ստացել է 3 մլն 678 հազար դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ Հենց այսպես էլ աստիճանաբար պետական կառավարման համակարգում սերտաճում են ընտանիքների անդամները, խարխլվում է զսպումների եւ հակակշիռների համակարգը: Ստեղծվում են մենաշնորհներ, որոնք կապված են իրար հետ, եւ ղեկավարվում են մեկ գլխավոր կենտրոնից: