Վարչապետի գրեթե յուրաքանչյուր հնչեցրած խոսքին հավատարիմ Էմմա Պալյանը, որը Գյումրիից եկավ Երևան և դարձավ ՔՊ անդամ, 2022 թվականին նոր բնակարան է ձեռք բերել Երևանում։ Պատգամավորը հայտարարագրել է նաև մեկ բնակարան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, որը փաստացի իրեն չի պատկանում, բայց շահագործվում է իր կողմից։
Պալյանը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն նրա ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հայտարարագրել է մեկ մեքենա 2008 թվականի արտադրության Audi, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Մեքենան տարեվերջին օտարվել է 1 մլն դրամով։ Ամուսինը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս, որը գնել է 2022 թվականին 1 մլն 729 հազար դրամ արժողությամբ։ Ըստ կնոջ հայտարարագրի՝ ամուսինը չի աշխատում, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 560 հազար դրամ։ Նա նաև որևէ եկամուտ չի հայտարարագրել։
Պալյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար, նա հայտարարագրել է 8 մլն 243 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 7 մլն 901 հազարը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից։ Պատգամավորը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 340 հազար դրամ գումար, որը հավանական է ՝ եկամտահարկի վերադարձ է, հիփոթեքի 20 մլն մայր գումարի մնացորդը մարելու համար։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 26 մլն 494 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը նախկինում եղել է Կարեն Սարուխանյանի օգնականը, այդ ընթացքում նրա հետ կապված բազմաթիվ անհարմար իրավիճակներ են տեղի ունեցել։ Նաև հիշեցնենք, որ Պալյանն այն պատգամավորն է, ով ԱԺ ամբոնից թիրախավորել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին։ Աջապահյանը պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ «Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»: ՔՊ-ական պատգամավորին դուր չի եկել սրբազանի արձագանքը Փաշինյանի այս հայտարարությանը, և նա շատ կոպիտ արձագանք է տվել Աջապահյանին՝ ասելով․ «Պարո՛ն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի և ընդունելի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաև հոգևոր, և ձեր խոսույթում կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»:
Էմմա Միքայելյան