Հաշվի առնելով դպրոցական պայուսակների պակասը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության գրենական պարագաներով: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով հնարավոր չէ այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը: Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
Ըստ այդմ` մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր, ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել, լրացուցիչ խնդրանք. ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետեր:
Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու»,- ասվում է հաղորդագրությունում: