Աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին։
«Այս էլ քանի տարի համընդհանուր մեր ոգեկանությունը, կամային ուժը, միասնականության ոգին, նաև աստծո պարգևած խաղաղության տենչը միավորել է բոլորիս։ Այս էլ քանի տարի ու տասնամյակ մեր հոգեկան թռիչքների, առօրյա փոքր ու մեծ հոգսերի ներսում, ապագայի հետ կապված մեր երազանքների տարածքում գերեվարված մեր երկրի այն հատվածն է, որն իր մեջ այլևայլ կոթողների, հրաշալիքների հետ մեկտեղ Տիգրան Մեծի հյուսիսային մայրաքաղաքն է պահում»։ Այս մասին հրապարակած տեսաուղերձում նշել է Մանսուրյանը՝ դիմելով Արցախի բնակիչներին։
«Այս գողտրիկ աշխարհն այսօր նորից ծայրահեղ ծանր օրեր է ապրում, նորից մռայլ ամպեր են կուտակվել նրա չնաշխարհիկ երկնակամարում: Մենք պետք է ապրենք մեր հողերի վրա, խաղաղ պիտի ապրենք, արարենք ու շատանանք»,- հավելել է նա: