Օրերս դերասան Նորայր Եղյանն ինստագրամյան իր էջում հոլովակ է հրապարակել, կից գրելով՝ ««Ցավոտ» նախագիծ ա, բայց հարթակը, արվեստն ու միտքը աշխարհին պիտի պատմեն իրականությունը: Իրականությունն ու ճշմարտությունը հաղթող են: Առանձին պաշտոնական հրապարակմամբ կպատմեմ ամեն ինչ։ Ես գալու եմ»:
Թե խոսքը կոնկրետ ի՞նչ նախագծի մասին է, Եղյանը չի բացահայտել: ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու մանրամասները.
«Այն ճարտարապետական կոթողները, որոնք այլևս չեն գտնվում Հայաստանի ու Արցախի տարածքում, դրանց վերարտադրումն է փորձարարական կտավների տեսքով:
Կտավային այս շարքը հստակ նպատակ ունի. այն է՝ դուրս գալ միջազգային հարթակ, որպեսզի հնարավոր բոլոր տեղերում խոսվի, պատմվի Հայաստանի ու հայի մասին: Սա երբևէ ստեղծված ամենաիրատեսական նախագծերից է, քանի որ ցուցադրվում է այն, ինչն այդ պահին մենք զգում ենք՝ այդ վանքերի ու ճարտարապետական կոթողների հանդեպ: Ինչքան էլ մենք ունենք երազանքներ ու նպատակներ ինչ-որ բան հետ բերելու, այդուամենայնիվ մենք այս պահին այսպիսի պատկեր ունենք և պետք է խոսենք այս մասին թեկուզև արվեստի միջոցով՝ աշխարհին պատմելով մեզ հետ կատարվողը:
Գաղափարի հեղինակը ես եմ, միտքն իմն է, իրագործում ենք թիմով: Ունենք հատուկ մասնագետ՝ ճարտարապետ Աննա Քարամյանը, որն անում է ամեն բան, որպեսզի բոլոր հնարավոր բացթողումները զրոյացվի այս գործում»:
Նշենք, որ նախագծի մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերի վերջին:
Մարիամ Ղազարյան