Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին` տեսաուղերձով դիմելով շրջափակված Արցախում ապրող իր հայրենակիցներին։

Տեսաուղերձում, որը հրապարակվել է փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Մանսուրյանն ասում է.

«Արցախի սիրելի՛ քույրեր, եղբայրներ, ավագ ու կրտսեր բարեկամներ, այս էլ քանի տարի համընդհանուր մեր ոգեկանությունը, կամային ուժը, միասնականության ոգին, նաև Աստծո պարգևած խաղաղությունը վայելելու մեր տենչը միավորել է բոլորիս: Այս էլ քանի տարի ու տասնամյակ մեր հոգեկան թռիչքների ու առօրեական փոքր ու մեծ հոգսերի ներսում ապագայի հետ կապված մեր երազանքների տարածքում գերեվարված մեր երկրի այն հատվածն է, որ այլևայլ կոթողների, հրաշալիքների հետ մեկտեղ Տիգրան Մեծի հյուսիսային մայրաքաղաքն է պահում: Մարդկային հոգու հարուստ շերտերի մի այլ երանգ ու խորք ունի իշխանաց այս դարավոր երկրի հանդեպ մեր սերը, պատկանելիության զգացումը, մեր խոնարհումը: Այս գողտրիկ աշխարհը այսօր նորից ծայրահեղ ծանր օրեր է ապրում, նորից մռայլ ամպեր են կուտակվել նրա չնաշխարհիկ երկնակամարում: Մարդկային ու մարդասիրական աղետի օրհասական այս օրերին հայությունը դիմադրում է ու դիմանում: Հիացմունքի ու քաջալերանքի բոլոր խոսքերն ու մաղթանքները, սակայն, մի տեսակ դառնահունչ ու խռովահույզ են հնչում: Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները այսօր մեզ նորից են ստիպում վերհիշել մեր ոչ հեռավոր անցյալը»:




Լրահոս