Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկել է Սուպերգավաթի խաղով, որն ունեցել է դրամատիկ վերջաբան։ Գործող չեմպիոն ու գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» մրցել է փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ ու պարտվել հետխաղյա 11-մետրանոցներով։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացել է 21-ամյա անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որը 64-րդ րոպեին փոխարինել էր Էրլինգ Հոլանդին։ Լոնդոնյան ակումբին ավելացված ժամանակի 11-րդ րոպեին պարտությունից փրկել է փոխարինման դուրս եկած Լեանդրո Տրոսարդը։
11-մետրանոց հարվածաշարում Միկել Արտետայի թիմը հաղթել է 4-1 հաշվով։
«Արսենալը» պատմության մեջ 17-րդ անգամ դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր։ Լոնդոնյան ակումբը նման հաջողության հասել էր նաև 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991¹, 1998, 1999, 2002, 2004, 2014, 2015, 2017, 2020 թվականներին։ «Մանչեսթեր Սիթին» այս տիտղոսը նվաճել է 6 անգամ (1937, 1968, 1972, 2012, 2018, 2019թթ․)։