Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Նորին Սրբությունը ողջունել է դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձել է նաև հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին և երկու երկրների ներկայիս համագործակցությանը:
Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձրորեն գնահատել է հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի է նկատել նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։
Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորել է երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը: