«Ժողովուրդ». Թիրախ կդառնանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Եվ այսպես` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հանգուցալուծումն  արդեն դուրս է եկել Ուկրաինայի շրջանակներից: Ղրիմում զարգացող գործընթացների արդյունքում  արդեն հստակ ահազանգեր են հնչում առ այն, որ աշխարհը կանգնած է նոր` համաշխարհային պատերազմի  վտանգի առջեւ: Արեւմուտքում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատում են Ադոլֆ Հիտլերի հետ` հիշեցնելով 1938-39թթ. Ավստրիայի «անշլյուսն» ու Չեխիայի բռնակցումը: «Նյու Յորք թայմս»-ի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  Պուտինի հետ բանացկելուց հետո զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ հայտնել, որ իր տպավորությամբ` «Պուտինը, կարծես, կորցրել է կապն իրականության հետ»: Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Բելկովսկին առհասարակ հայտարարել է, թե Վլ. Պուտինի մոտ «դասական շիզոֆրենիա» է:

Ինքը` Պուտինը, երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտնել է, որ  Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միավորման հնարավորությունը եւ չի պատրաստվում անջատողականություն հրահրել  Ուկրաինայում: Պուտինի խոսքերով` Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն ընտրել իրենց տարածքների ճակատագիրը: Նա հայտարարել է, թե  ներկայումս անհրաժեշտություն չկա Ղրիմի տարածք ռուսական զորքեր մտցնելու, թեեւ` եթե իրավիճակը վատանա, Մոսկվան կարող է նման քայլի գնալ: Արձագանքելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սպառնալիքներին` ՌԴ նախագահն ասել է. «Խորհուրդ եմ տալիս մտածել դրա հետեւանքների մասին»: Ինչ վերաբերում է «Մեծ ութնյակի»` Սոչիում կայանալիք առաջիկա գագաթաժողովը բոյկոտելուն, ՌԴ ղեկավարը նշել է` «Չեն ուզում, թող չգան»:

Միով բանիվ` ամիսներ շարունակ Մայդանում սառչած, տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ տված Ուկրաինայի ժողովուրդն այլեւս դադարել է գործոն լինելուց եւ կորցրել իրադարձությունների հետագա ընթացքի վրա ազդելու հնարավորությունը: Եվ արդեն իսկ պարզ է, որ այս  գլոբալ խաղում ուկրաինացիները, փաստորեն,  գերտերությունների ձեռքին գործիք դարձան` սեփական երկիրը կանգնեցնելով  պառակտման ու  պատերազմի վտանգի առջեւ:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները` այսօր արդեն որեւէ մեկը չի կարող կանխատեսել: Եվ այս իրավիճակում բավականին լուրջ վտանգներ են ձեւավորվում նաեւ ՌԴ ռազմավարական դաշնակցի, ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար: Առայժմ ՀՀ իշխանություններին հաջողվում է չեզոքություն պահպանել` խուսափելով որեւէ հայտարարություն անելուց, սակայն արդյոք իրավիճակի հետագա սրման դեպքում  մեր երկիրը ստիպված չի լինի ներքաշվել ռազմական գործողությունների մեջ (ըստ ՀԱՊԿ պարտավորությունների`  ՌԴ նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում դա անխուսափելի է): Եթե անգամ դա տեղի չունենա էլ, կասկածից դուրս է, որ ՀՀ-ն Արեւմուտքի համար հայտնվելու է  թիրախային վիճակում` որպես ՌԴ  ֆորպոստ»:

Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս