ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի օգտագործման ժամկետները եւ ցանկը:
Ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 59 անուն դասագրքի հայտ, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ: Ըստ այդմ՝ 2-րդ դասարանի համար ներկայացվել է 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը, 5-րդ դասարանում՝ 17 հայտից երաշխավորվել է 14-ը, 7-րդ դասարան՝ 25 հայտից երաշխավորվել է 21-ը:
Հրապարակված ցանկից տեղեկանում ենք, որ հեղինակային բոլոր խմբերի դասագրքերը երաշխավորված են գործածության` 1-ից 4 տարի ժամկետով: Մեկ տարով երաշխավորված է միայն «Շախմատ/վարժությունների տետր» 2-րդ դասարանի դասագիրքը:
Դասագրքերի մրցույթում հաղթող հեղինակային խմբերն ու կազմակերպությունները մի քանիսն են` «Էդիթ Պրինտ» ՍՊԸ, «Զանգակ-97» ՍՊԸ, «Վ. Սարգսյան», «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ, «Արեւիկ Հրատարակչություն» ՓԲԸ, «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ, «Մարի Հրատարակչություն» ՍՊԸ, «Անտարես» ՍՊԸ, «Ք. Բդոյան»:
Հեղինակային խմբերից շատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն կիսվել են իրենց հեղինակած դասագրքերով ու դրանց հետ կապված անձնական դիտարկումներով:
Այսպես օրինակ, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հեղինակային խմբերը ստեղծել են կարողունակությունների վրա հիմնված հինգ դասագրքեր, որոնք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից: Դրանք են` 7-րդ դասարանի «Հանրահաշիվ», հեղինակներ` Սմբատ Գոգյան եւ Վաչագան Դիլանյան, 5-րդ դասարանի «Մաթեմատիկա», հեղինակներ` Սմբատ Գոգյան եւ Նարինե Ռավոեւա, 7-րդ դասարանի «Հայոց Պատմություն», հեղինակ` Սմբատ Հովհաննիսյան, 2-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը», հեղինակներ` Նոնա Պողոսյան, Կարինե Մարգարյան, 7-րդ դասարանի «Հասարակագիտություն», հեղինակներ` Հրաչ Բայադյան, Դավիթ Ստեփանյան, Վահրամ Սողոմոնյան:
«Շուտով դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն ԴՇՀ-ի պաշտոնական կայքում, մենք կկիսվենք հղումով, եւ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու, առաջարկներ անելու, կարծիք հայտնելու»,-իր հետեւորդներին տեղեկացրել էր կրթական հիմնադրամը։
Երկու դասագրքերի համահեղինակ Սմբատ Գոգյանն, օրինակ իր սոցիալական էջում անդրադարձել էր իր հեղինակած դասագրքերի բովանդակությանը. «Քանի որ շատերը հարցրեցին Մաթեմատիկա 5 եւ Հանրահաշիվ 7 (հուսով եմ հետագայում նաեւ Մաթեմատիկա 6, Հանրահաշիվ 8,9) դասագրքերի բովանդակության մասին, ապա թեթեւակի ներկայացնեմ։ Ողջ ուսումնական տարվա ընթացքում աշակերտներին ուղեկցում է Մաթեմյանների ընտանիքը։ Ընտանիքի ծնողներն են Ադին եւ Բուդին։ Նրանց երեխաներն են Գուդին, Դուբին ու Եգին (դասագրքի սկզբում բացատրվում է տարօրինակ թվացող անունների ծագումնաբանությունը)։ 5-րդ դասարանի դասագրքում Գուդին սովորում է 10-րդ դասարանում, Դուբին՝ 5-րդ, իսկ Եգին հաճախում է մանկապարտեզ։ Երեխաները դպրոցականների հետ զուգահեռ մեծանում են, այսինքն 7-րդ դասարանի դասագրքում Դուբին 7-րդ դասարանցի է, իսկ Եգին դպրոցական է։ Դասագրքերում հանդիպում են նաեւ Դուբիի համադասարանցի Մոկին եւ կոորդինատային առանցքի վրա բնակվող ծղրիդ Թռչկանը։ Բազմաթիվ թեմաներ բացատրվում են նրանց զրույցների միջոցով։
Դասագրքերը գրելիս հաշվի ենք առել, որ 5-րդ դասարանցիների առնվազն կեսը չի հասկանում կարդացած տեքստը։ Այսինքն աշակերտներին պետք է նախ սովորեցնել տեքստի իմաստը հասկանալ։ Դպրոցում երբեք չդասավանդած մանկավարժ մեթոդիստները կամ բուհական դասախոսները կարող է համարեն, որ դասագրքերի լեզուն չափից դուրս պարզ է, բայց իրականում հաշվի են առնված երեխաների տարիքային առանձնահատկությունը եւ մեր հանրակրթության արդի վիճակը»։
«Հասարակագիտություն» դասագրքի համահեղինակ Դավիթ Ստեփանյանը եւս կիսվել էր մի քանի դիտարկումներով. «Հասարակագիտության 7-րդ դասարանի գրքի (հեղինակներ՝ Հրաչ Բայադյան, Դավիթ Ստեփանյան, Վահրամ Սողոմոնյան) վերաբերյալ մի քանի բառ կուզեի ասել։ Փորձել ենք օրինակների միջոցով հնարավորինս ցույց տալ (այդ տարիքի երեխաներին դժվարամարս նյութեր տալ չի կարելի), թե ինչպես է գիտելիքը ձեւավորվում, եւ թե ինչպես կարող են նույն հարցի վերաբերյալ տարբեր հաստատված մոտեցումներ լինել։ Չե՛նք խուսափել այսօրվա կյանքի պարադոքսներից, հակառակը՝ շեշտել ենք դրանք։ Կարճ ասած՝ փորձել ենք հրաժարվել հայաստանյան կրթական դաշտում մեծ տարածում ունեցող պոզիտիվիստական մոտեցումից եւ անցում կատարել կոնստրուկտիվիստական մոտեցման։ Կարծեմ նեղմտությունն այսօրվա դժվարին իրավիճակի պատճառներից մեկն է, ուստի փորձել ենք մեր կարողացածի չափով նպաստել դրա հաղթահարմանը։ Այժմ ընտրությունն ուսուցիչներինը եւ դպրոցներինն է․ ըստ նոր կարգի նրանք պետք է որոշեն, թե շեմը հաղթահարած երկու դասագրքից որն են նախընտրում»։
Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն 7» դասագիրքը նույնպես հաղթահարել է դասագրքի գիտական համապատասխանության եւ գնահատման համար սահմանված շեմը եւ այս սեպտեմբերից մուտք կգործի դպրոցներ. «Դասագիրք գրելու մտադրություն ունեցել եմ տարիներ առաջ, երբ դեռ դասավանդում էի դպրոցում, ուսումնասիրում էի տարբեր պետությունների (ֆրանսիական, գերմանական, բրիտանական, ամերիկյան, ռուսական եւ այլն) դասագրքերի առանձնահատկությունները․․․ Զգում էի մանկավարժության նորագույն պահանջները բավարարող, մանավանդ կարողունակությունների եւ պատմական մտածողության ձեւավորմանը միտված դասագրքի անհրաժեշտությունը»։
Արքմենիկ Նիկողոսյանի եւ Արսեն Վարդանյանի ստեղծած «Գրականություն-7» դասագիրքը եւս հաղթել է մրցույթում եւ այս ուսումնական տարվանից կմտնի դպրոց։
«Հեշտ գործ չէր դասագիրք ստեղծելը։ Երկար աշխատանքի ու հարյուրավոր քննարկումների արդյունքում, հուսով եմ, կարողացանք ստեղծել մի դասագիրք, որ այլ մակարդակ կբերի դպրոց եւ օգտակար կլինի աշակերտներին ու ուսուցիչներին»,-իր գրառման մեջ նկատել էր Արքմենիկ Նիկողոսյանը։