Այսօրվա իր համարում «Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Ազգային անվտանգության խորհրդից չեն պատասխանել մեր հարցմանը՝ Հայաստանը կհամաձայնի՞ մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե որպես ՀԱՊԿ անդամ գործընկեր ՀՀ-ից այդպիսի օգնություն խնդրի Ռուսաստանը:
«Այսօր (երեկ-խմբ.) ՌԴ նախագահը հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների բացառման մասին: Սրանով ամեն ինչ ասված է»,- երեկ այսպես է պատասխանել ԱԽ քարտուղարի խոսնակը մեր՝ նախօրեին ուղարկված հարցմանը: Խոսքը Վ. Պուտինի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքի մասին է, թե առայժմ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտություն չկա: «Ռուս-ուկրաինական պատերազմ չի սպասվում: Ավելին` ուկրաինական Ռադան ձևավորել է պատգամավորական հանձնախումբ` ռուս գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն հայտարարել է ՌԴ մեկնելու իր ցանկության մասին, ինչին դրական է արձագանքել ՌԴ նախագահը»,- ասված է պատասխանում: Այսինքն` եթե ռուս-ուկրաինական պատերազմը չբացառվեր, ՀՀ-ն կմասնակցեր դրան:
Համենայնդեպս, ԱԱԽ-ից ստացված պատասխանը հակառակը պնդելու որեւէ հիմք չի տալիս»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում