Armlur.am-ին հայտնի է դարձել, թե ինչ վնասվածքներ է ստացել հայրենադարձված գերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս./թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ 1 ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո վերջինս տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:

Armlur.am-ին այսօր հաջողվել է պարզել, թե ինչ կոտրվածներ և վնասվածքներ են եղել: Ինչպես մեր թղթակցին փոխանցել է Խոջոյանի բուժզննմանը ներկա գտնված անձանցից մեկը (ում անունը հասկանալի պատճառներվ չենք հրապարակում), կոտրված է եղել Խոջոյանի ձեռքը, եղել է անցք ձեռքի վրա, առաջացել են թարախային գոյացություններ:

Ականատեսի խոսքով՝ գլխի վրա առկա են եղել բազմաթիվ բացվածքներ: Պատասխանելով այն հարցին, թե ինչից կարող էին առաջանալ նման վնասվածքներ, նա կարծիք հայտնեց, որ ձեռքի կոտրվածքն ու առաջացած անցքը, հավանաբար, կրակոցի, իսկ գլխի վրա եղած բացվածքներն ու վնասվածքները՝ բութ և կոշտ առարկայով հարվածելու, նրան տանջելու հետևանք են:

Լիլիթ Լալայան




Լրահոս