Ֆրանսիայի մի շարք շրջաններ միացել են Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կոռնիձորում Հայաստանի կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 և «Գրանդ Քենդի» ընկերության 2 բեռնատարների շարասյանը միացել է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից հատկացված հումանիտար օգնությամբ բեռնատարը։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ընդգծում է՝ բարեկամ Ֆրանսիայի այս քայլը վկայում է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս ճգնաժամը մեղմելու նախաձեռնությունը ստանում է նաև միջազգային հնչեղություն։

«Կարծում եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն աստիճան օրհասական է, և հումանիտար աջակցության կարիքն այնքան մեծ է, որ դա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար։ Միջազգային գործընկերների գործուն քայլերն, անշուշտ, կարող են նպաստել, որպեսզի ի վերջո Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի, և հնարավոր լինի հումանիտար բեռը հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- նշեց ասաց Վարդան Սարգսյանը։

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն, Ռոն Ալպեր, Օ դը Ֆրանս, Պրովանս-Ալպեր Լազուր ափ, Նոր Ակվիտանիա, Լուարի երկիր, Գրանդ էստ ռեգիոնները։ «20 տոննայից ավել հումանիտար բեռ է, որը պարունակում է մակարոնեղեն»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն օգնությունը տեղ չի հասել, քանի որ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները, ինչպես նաև ավելի ուշ դրանց միացած «Գրանդ Քենդի» ընկերության՝ քաղցրավենիքով բեռնված բեռնատարներն օրեր շարունակ սպասում են Կոռնիձորի սահմանային հատվածում։




Լրահոս