Պարզվել են 2023թ․ օգոստոսի 6-ի գիշերը Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ սուր կտրող-ծակող գործիքով մեկ անձի սպանության, ևս մեկ անձի ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գյումրի քաղաքի Կարմիր Բերդ 1 հասցեում գործող «Չերքեզի Ձոր» ռեստորանում բարբառի շուրջ վիճաբանություն է ծագել նույն ռեստորանի աշխատակիցների՝ Գյումրիի բնակիչ, 30-ամյա Ա.Մու.-ի և Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա Ա.Մկ.-ի միջև, որը շարունակելու նպատակով վերջիններս պայմանավորվել են հանդիպել աշխատանքի ավարտից հետո։
Օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, հիշյալ ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց, վիճաբանությունը շարունակվել է, ինչին միջամտել է Ա․Մու․-ի մտերիմ ընկեր՝ 36-ամյա Ա.Սարդարյանին։ Այդ ընթացքում Ա.Մկ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է Ա. Մու.-ին, ինչի արդյունքում վերջինին պատճառել է աջ նախաբազկի վնասվածք։ Ա.Մկ.-ն նաև մեկ անգամ հարվածել է Ա.Սարդարյանի կրծքավանդակի ձախ կեսի միջկողային հատվածին՝ հասցնելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս, ինչից հետո նա դիմել է փախուստի։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Ա.Մկ.-ն հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։
2023 թվականի օգոստոսի 8-ին նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս իրեն մասնակի մեղավոր է ճանաչել:
Օգոստոսի 9-ին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։