ArmLur.am-ը պարբերաբար քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ եթե միանում են «Հայաքվե» նախաձեռնությանը ու հետո լուսանկարներ են հրապարակում սոցիալական իրենց էջերում, հետո ճնշումների են ենթարկվում. մասնավորապես՝ պետական աշխատողներին սպառնում են աշխատանքից ազատել:
ArmLur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը մանրամասնեց, որ թեև նման ահազանգեր պարբերաբար ստանում են, բայց հետո քաղաքացիները խուսափում են դրա մասին բարձրաձայնել, դրա համար էլ դեպքերը մինչև վերջ չեն բացահայտվում.
«Խոսակցություններ շատ են եղել՝ հաստատված դեպքերով, բայց փաստական տվյալներ չենք ունեցել, քանի որ եթե նույնիսկ խոսակցություններ եղել են, որ աշխատանքից ազատելու սպառնալիքներ են քաղաքացիները ստացել, հետագայում այդ մարդիկ հրաժարվել են հրապարակային դրա մասին խոսել: Դրա պատճառով էլ չենք կարողացել այդ դեպքերին հետամուտ լինել:
Ունեցել ենք դեպքեր, երբ համայնքապետարանի աշխատակիցներին զգուշացրել են, որ զերծ մնան ստորագրահավաքին միանալուց, բայց էլի մարդիկ խուսափել են բացեիբաց դրա մասին խոսել: Ստորագրահավաքի մեկնարկին նույնպես դեպք եղավ, երբ թաղապետարանի հավաքարարը մոտեցել էր ստորագրահավաքի սեղանին, ուղղակի իմանալու, թե ի՞նչ ստրագրահավաք է, նրան էլ ազատել էին աշխատանքից, հետո այդ կինը խուսափեց խոսել դրա մասին:
Դրա համար էլ, կոնկրետ ապացույցներ մեր ձեռքի տակ չունենալով, չենք կարողանում հրապարակային բացահայտել դրանք, քանի որ կնմանվեր ասեկոսեների, իսկ դրա ժամանակը չկա»,-ասաց Աննա Կոստանյանը:
Քրիստինա Մուշեղյան