ArmLur.am-ը Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ դարձել են «տուգանքի մատերիալ» մարզային իշխանությունների համար: Ինչպես իրենք են փոխանցում, առանց այն էլ մարզերում աշխատատեղերի լուրջ պակաս կա, հիմա էլ չեն կարողանում հողագործությամբ զբաղվել:
Բանն այն է, որ երբ գյուղի բնակիչն իր վարելահողը որպես այգի է օգտագործում, այնտեղ պտղատու ծառ է տնկում կամ բանջարեղեն աճեցնում, ապա պետք է դիմի համայնքապետարան՝ իր վարելահողը հաշվառելու համար, ըստ վարելահողի տարածքի, նաև հարկ վճարի դրա համար:
Արմավիրի և Արարատի մարզի բնակիչներից շատերը, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել իրենց վարելահողը հաշվառել, խոշոր չափով տուգանվում են:
ArmLur.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը պարզապանեց, որ համայնքի բնակիչները մի քանի անգամ զգուշացվում են, իրենց պարտավորությունը չկատարելու դեպքում, նոր միայն տուգանվում. «Համայնքի ղեկավարը պարբերաբար գրություններ է ուղարկում քաղաքացիներին՝ մինչ տուգանելը, եթե վարելահող է՝ ուրեմն վարելահող է, իսկ եթե այնտեղ այգի կա, օրինակ՝ ծիրանի կամ խաղողի այգի, պետք է փոխեն դրա կարգավիճակը ու հաշվառեն:
Սա նորմալ գործընթաց է, բայց մի քանի անգամ իրազեկվում են քաղաքացիները, նոր տուգանվում են։ Վարելահողի տարեկան գույքն այլ է, այգիինը՝ այլ»,-ասաց մարզպետը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե բնակչի պարտականությունն է վարելահողը հաշվառելը. «Երբ բնակիչը այգի է տնկում, անգամ եթե հող պետք է վարի, ցանք անի, պետք է դիմի համայնքապետին, նրա թույլտվությունը ստանա, նոր իր գործը անի, ինչը մեր պրակտիկայում չի պահպանվում՝ մեր բնակիչների իրազեկվածության պակասի պատճառով»,-ասաց Հովհաննսիյանը:
Մարզպետից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք մարզի բնակիչները մինչ տուգանվելը, իրազեկվում են հաշվառման ընթացակարգի մասին. «Մինչ տուգանվելը վարչարարություն է իրականացվում, ես չեմ պատկերացնում, որ վարչական վարույթ իրականցվի՝ առանց իրազեկելու, դա վարչական վարույթի պարտադիր մասն է կազմում, եթե չիրազեկվի, ապա այդ վարչական վարույթը վիճարկման լուրջ հիմքեր ունի»,-պարզաբանեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Քրիստինա Մուշեղյան