ՊՆ-ն անզո՞ր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԿԽՄԿ-ի հովանավորությամբ Հայաստան է վերադարձվել հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Այս պահին հստակ հայտնի չէ` քանի հայ ռազմագերի կա հակառակորդի սահմանում, սակայն դժվար է պատկերացնել որևէ հայի, ով գոնե լսած չլինի 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մասին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Ինջիղուլյանը մոլորվել և հայտնվել էր հակառակորդի սահմանում:

Հայ ռազմագերու հարազատների գնահատմամբ` հակառակորդը դեռ պահում է Ինջիղուլյանին, քանի որ վերջինս զինվոր է և պետք է Հայաստանին:

Armlur.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը, նշեց, որ Մամիկոն Խոջոյանի և նրա 23-ամյա եղբոր տարբերությունն անզորությունն ու զորությունն է:

«Հակոբը զինվոր է և այս երկրի համար շատ կարևոր մարդ: Կարմիր խաչն էլ, արդեն երկար ժամանակ է, Հակոբի վերադարձի հարցով է զբաղվում, բայց դեռ ոչ մի նորություն չունենք: Սպասում ենք՝ զանգեն, արդեն նամակներ ենք գրել Հակոբի համար, որ փոխանցեն»,-ասաց Ինջիղուլյանի եղբայրը:

Վերջինս մեզ հայտնեց, որ ԿԽՄԿ-ից իրենց տեղեկացրել են, որ մոտ ժամանակներս պետք է այցելեին ռազմագերուն, սակայն իրենց դեռ ոչինչ չեն հայտնել: «Իսկ ՊՆ-ից ընդհանրապես ոչ մի բան էլ չկա. Կարմիր խաչից ավելի շատ բան ենք կարողանում իմանալ, քան՝ ՊՆ-ից: Մենք հիմա նույնիսկ չգիտենք` Հակոբի դիմումը երրորդ երկիր տեղափոխվելու համար հանձնվել է ՄԱԿ, թե՝ ոչ»,- շարունակելով խոսքը` ասաց ռազմագերու եղբայրը` նշելով նաև, որ ԿԽՄԿ-ից նույնպես հաստատել են, որ Հակոբը դիմել է երրորդ երկիր գնալու համար, և Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակն էլ հավաստել է, որ դիմումը գտնվում է իր ձեռքում և մոտակա ժամանակներում պետք է հանձնի ՄԱԿ-ի գրասենյակ: Սակայն իրենք դեռ չգիտեն` նամակը հանձնվել է, թե՝ ոչ:

«Որքանով ես եմ Հակոբին ճանաչում, երրորդ երկրի համար դիտողաբար է դիմել, ուրիշ ոչ մի բան չէր կարող լինել»,- համոզված է Հարություն Ինջիղուլյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս