14 մլն տարեկան եկամուտ և ոչ մի բնակարան. Արագածոտնի մարզպետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պաշտոնը ստանձնել է 2022 թվականի հունվարի 13-ին, մինչ այդ նա որպես վիճակագիր աշխատել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառությունում։

2018 թվականից հետո հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ըստ մարզպետի 2022 թվականի հայտարարագրի, նա 2003 թվականին ժառանգություն է ստացել 2 հողամաս համատեղ սեփականությամբ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում։ ԱԺ նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը 2019 թվականին ձեռք է բերել մեքենա՝ 2011 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի։ Սակայն 2022 թվականի ընթացքում այն վաճառել է 4 մլն դրամով։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 200 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները 12 մլն 118 հազար դրամ, որից 11 մլն 314 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմից, իսկ 803 հազար դրամը՝ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։ Մովսիսյանի կինը՝ Մարիանա Մկրտչյանը, աշխատում է Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում որպես մանկավարժության գծով փոխտնօրեն, որտեղից էլ ստացել է 1 մլն 558 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ։

Մարզպետի հետ համատեղ բնակվող Սիլվա Թադևոսյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս, որոնցից մեկը Ղազարավան գյուղում է և այն 2019 թվականին որպես նվիրատվություն է ստացել։ Մյուս հողամասը՝ 2021 թվականին, ձեռք է բերել Աշտարակ քաղաքում։ Նա հայտարարագրել է մեկ հասարակական նշանակության շինություն համատեղ սեփականությամբ, որը 2019 թվականին ժառանգություն է ստացել։ Անձի կանխիկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 886 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Էջմիածնի բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք նաև, որ Մովսիսյանն այն պատգամավորներից է, որ խորհրդարանում մասնակցել է տեղի ունեցած ծեծկռտուքի։ Հիշեցնենք, որ միջադեպը ծագել էր զինծառայությունից կաշառքով ազատվելու մասին ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի ելույթից հետո, որում նա դավաճան էր անվանել պաշտպանության այն նախարարներին, որոնց պաշտոնավարման օրոք նման երեւույթներ են եղել։ Իսկ այն ժամանակ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն ազատվել է զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով։

Էմմա Միքայելյան




Լրահոս