ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատվոգրեր է հանձնել ՀՖՖ Մրցավարական կոմիտեի որոշմամբ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մրցավար ճանաչված Հենրիկ Նալբանդյանին և մրցավարի լավագույն օգնական Մեսրոպ Ղազարյանին, հաղորդում է ՀՖՖ կայքը:
«Վերջին 2 տարվա ընթացքում կտրուկ փոխվել է Հայաստանում մրցավարության ընդհանուր պատկերը: Երիտասարդ մեծ թվով մրցավարների ընդգրկումը նպաստել է դաշտի առողջացմանը և որակի բարձրացմանը, ինչի արդյունքում մեր մրցավարները սկսել են ավելի մեծ թվով միջազգային հանդիպումների նշանակումներ ստանալ:
Այս ոլորտում խնդիրներ, բնականաբար, կան, սակայն մենք ունենք դրանց լուծման ճանապարհային քարտեզը և ակնկալումը, որ գալիք տարիների ընթացքում մենք ունենալու ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկող ավելի մեծ թվով մրցավարներ, իսկ մեր երկիրը՝ ավելի մեծ ներկայացվածություն միջազգային ասպարեզում:
Ուրախ եմ լավագույն մրցավարի և մրցավարի լավագույն օգնականի մրցանակները շնորհել համապատասխանաբար Հենրիկ Նալբանդյանին և Մեսրոպ Ղազարյանին, որոնք մի քանի այլ մրցավարների թվում պետք է առաջնորդեն հայկական մրցավարական դպրոցը միջազգային ասպարեզում»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: