Թեև Սահմանադրական դատարանը կենսաթոշակային նոր համակարգի հետ կապված վերջնական որոշում կկայացնի մարտի 28-ին, բայց շրջանառվող լուրերի համաձայն` իշխանությունն ամեն կերպ փորձում է ստիպել գործատուներին կենսաթոշակային վճարումներ կատարել, քանի որ պետբյուջեի գումարները չեն բավարարում մարդկանց թոշակները վճարելու համար: Թե որքանով է դա օրինական, և ինչ կարող է անել իշխանությունը, պարզեց Armlur.am լրատվականի թղթակիցը:
Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ բարոյական առումով` պետությունը պարտավոր է ֆինանսեր գտնել և վճարել այդ մի քանի կոպեկ թոշակը, որի վրա է այսօր մեր ծերերի հույսը, բայց անօրինական է կենսաթոշակային հիմնադրամներից գումար վերցնելը:
Տիկին Թադևոսյանի խոսքով` ինքը դեռ չգիտի` եղել են դեպքեր, երբ կենսաթոշակային հիմնադրամներից պետությունը գումարներ է վերցրել և դրանցով վճարել մարդկանց թոշակները, բայց նման քայլ անելն անօրինական է:
Տնտեսագետը համաձայն է, որ իշխանություններն անուղղակիորեն խոստովանում են, որ կենսաթոշակային նոր համակարգը ոչ թե բարեկեցիկ ծերություն ապահովելու, այլ թոշակները վճարելու համար է արվում. սրան, եթե գումարենք ժողովրդագրական խնդիրը, երբ մեկ աշխատողը պահում է մեկ թոշակառուին, պատկերը դառնում է ամբողջական:
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե պետական բյուջեի միջոցները չեն բավարարում թոշակները վճարելու համար, որովհետև հարկային բեռն աշխատողների վրա դառնում է անտանելի, Զոյա Թադևոսյանի խոսքով` պետբյուջեի գումարները քիչ են, որովհետև դրանք յուրացվում և անարդյունավետ են ծախսվում, որի մասին բարձրաձայնեց նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Պետբյուջեի գումարներն ավելացնելու համար, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ է ոչ թե գումարներ վերցնել` դրանով ավելացնելով պետական պարտքը, այլ՝ ստեղծել աշխատատեղեր, երկրում ձևավորել բարենպաստ հարկային դաշտ, օտարերկրյա ներդրումներ ներգրավել: Դրանք ինքըստինքյան կնպաստեն հարկային մուտքերի ավելացմանը:
Ի դեպ, նման քայլեր անելու համար, ըստ Զոյա Թադևոսյանի, չի պահանջվում երկար ժամանակ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ մեր բյուջեն ունի ֆինանսական խնդիրներ, որոնց պատճառով, գուցե, չկարողանա ժամանակին փոխանցումներ կատարել, որ թոշակառուները ժամանակին կարողանան թոշակ ստանալ:
Պրն. Խաչատրյանի խոսքով` օրենքով նախատեսված չէ թոշակներ վճարել կենսաթոշակային նոր համակարգի միջոցով, այլ հարց է, որ, միգուցե, պետությունը խախտի գործող կարգը կամ օրենքը և կուտակայինի միջոցներն օգտագործի վճարումներ կատարելու համար: