Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպատան մոտ այս պահին հավաքված ակտիվիստները երթով շարժվում են ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ բռնի ուժով բերման ենթարկվելուց հետո տարվել է մի քանի ակտիվիստ:
Հիշեցնենք, որ այսօր, ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդի և այդ երկրի խաղաղության, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել: Հավաքը, սակայն, խաղաղ չի անցել: Իրավապահները բերման են ենթարկել մի քանի ակտիվիստի:
Երթին մասնակից, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեր թղթակցի հետ զրույցում իրավապահների կողմից ակտիվիստներին ձերբակալելը համարեց անօրինական:
«Դեսպանատան մոտ հավաքվածներն իրենց քաղաքացիական պահանջն են բարձրաձայնել, իսկ իրավապահներն անօրինական կերպով միջամտել են հավաքին, որի իրավունքը նրանք չունեին: Իրավապահներն իրավունք չունեին որոշելու` որտեղ և ինչպես պետք է քաղաքացիները բարձրաձայնեն իրենց բողոքը: Միայն քաղաքապետարանը կարող է բողոքի ակցիայի կազմակերպման այլ վայր առաջարկել»,-եզրափակեց Ստեփան Սաֆարյանը: