Գառնու ամրոցը, ըստ ավանդության, կապվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամի թոռան՝ Գառնիկի հետ, ում անվամբ էլ կոչվել է տաճարը:
Ամրոցը կործանել են հռոմեացի զավթիչները մեր թվարկության 59 թվականին: Մեր թվարկության 70 թվականին ամրոցի տարածքում Տրդատ I-ինը կառուցում է Գառնու հեթանոսական տաճարը, որը նվիրված էր Միհր աստծուն:
Քրիստոնեության ընդունումից հետո, երբ Մեծ Հայքի տարածքում անխնա ոչնչացնում էին բոլոր հեթանոսական տաճարները և դրանց կործանված հիմքերի վրա կառուցում քրիստոնեական եկեղեցիներ, Գառնու հեթանոսական տաճարը «փրկվեց» իր անզուգականության և հոյակերտության շնորհիվ: Այն մինչ օրս Հայաստանում միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է: Գառնու տաճարը ամբողջությամբ վերականգնվել է 1969-74 թթ-ին՝ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախագծով:
Նորանկախ Հայաստանի համար Գառնու հեթանոսական տաճարը դարձավ խորհրդանիշ: Ցավոք սրտի, երկու լումայի համար ազգային արժանապատվություն վաճառող չարչիները ցանկանում են պատմական հուշարձանը դարձնել «օբեյկտ»:
Գառնու հեթանոսական տարածքում շինարարական աշխատանքների մասին վերջին շրջանում մամուլի արձագանքները բավականին կոպիտ են, հնչում են տարբեր կարծիքներ, կան նաև արդարացնողներ:
Բայց երբ ազգային արժեքների և ընչաքաղցության սահմանագիծը հասնում է պատմության դասագրքերում ընդգրկված հուշակոթողներին, ապա մեղադրել միայն կարող ենք ինքներս մեզ: Գառնին միայն շարունակությունն է այն արհավիրքի, որը արդեն տասնամյակներ շարունակ բույն է դրել մեր հողում: Սկզբում անխնա կտրեցին «Հաղթանակ» զբոսայգու խիտ անտառը, իրականացնելով իրենց վաղեմի երազանքը՝ «Մանումենտի բաղի միջին անմահական տուն շինելը», այնուհետև՝ Նորավանքի խայտառակությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի անդամները անգամ ավտոբուսից չեն իջել դիտելու համար միջանդարյան գլուխգործոցը ` հեռվից տեսնելով վանական համալիրի տարածքում գտնվող ռեստորան- «քյաբաբնոցը» ՝ միանգամից մերժել են ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցուցակ: Անցած տարի քաղաքացիական ակտիվիստների «գլխացավանք» դարձած փակ շուկայի «սիթիացման» օպերացիան վերջնականապես ցույց տվեց ազգային խայտառակության այն երկար շղթայի տրամաբանությունը, որի շարունակությունն է Գառու հեթանոսական տաճարի տարածքում ռեստորանի կառուցումը:
Մարտի 21-ին մի խումբ ակտիվիստներ ու այս խնդրով մտահոգ քաղաքացիներ կրկին անգամ ուղևորվելու են Գառնի՝ փորձելով կասեցնել խայտառակության շղթան: Նշենք նաև, որ եթե տաճարի տարածքում կառուցվի ժամանակակից շինություն, ապա այն կարժանանա Նորավանքի ճակատագրին և դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցուցակից: Ավելացնենք նաև, որ, ըստ ավանդության, Մարտի 21-ը հայ հեթանոսական աստված Վահագնի ծննդյան օրն է:
Հովհաննես Եսայան