Անկախ քարոզվող արժեքներից և սկզբունքներին` յուրաքանչյուր պետություն շարժվում է նախևառաջ` սեփական շահերից ելնելով: Խոսքը հատկապես գերտերությունների մասին է, ինչպիսին է, օրինակ, ժողովրդավարության կեղծ ջատագով և ժողովրդավարության քողի տակ այլ երկրների ներքին կյանքին միջամտող և նվաճող ԱՄՆ-ն:
Ուկրաինայի դեպքերի հետ կապված` ԱՄՆ-ից այլ գնահատական չէր էլ կարելի ակնկալել, քանի որ ակնհայտ է, որ արևմտյան գերտերության փորացավն Ուկրաինայի ժողովուրդը չէ, այլ սեփական ազդեցության ոլորտի ընդլայնումն ու ամրապնդումը: Նույնը, իհարկե, Ռուսաստանի դեպքում է, և երկու կողմն էլ շատ լավ դա գիտակցելով` տալիս են միմիանց համարժեք գնահատականներ: Վլադիմիր Պուտինն իր ասուլիսի ժամանակ առիթը չէր կորցրել ԱՄՆ-ին հիշեցնելու, որ լեգիտիմությունից խոսելուց առաջ պետք է նախ հիշել ԱՄՆ-ի գործողությունները Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում…
Ուկրաինացի ժողովրդի բարեկեցությունը քիչ է մտահոգում նաև Ռուսաստանին: Վերջինս պարզապես դժվարանում է հաշտվել սեփական ազդեցության ոլորտի նեղացման և Ուկրաինայի՝ ՄՄ չմտնելու հետ, ինչը Ռուսաստանի համար փաստացի պարտություն էր, և այսօր արդեն իր հեղինակության վերականգնման ճանապարհը ՌԴ-ն տեսնում է Ղրիմի միջոցով: Ռուսաստանի աջակցությամբ Ղրիմի ինքնավարության անջատումն Ուրաինայից կլինի ամենաուժեղ պատիժը ՄՄ-ից հրաժարվելու և արևմտյան կողմնորոշում ընդունելու համար, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում` Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով:
Ասուլիսի ժամանակ Պուտինի տրամադրվածությունն առավել քան ակներև էր, փոխանցվող ազդակները` առավել քան ընկալելի: «Մենք ընդամենը ուժեղացրել ենք մեր ռազմական օբյեկտների պահպանությունը Ղրիմում», իսկ Ուկրաինա մտնելու անհրաժեշտություն ՌԴ նախագահը չի տեսնում, չնայած խոսքի մեջ էլ ասում է, թե եթե Ուկրաինայի արևելյան մարզերում ամենաթողություն ստեղծվի, ապա Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի խառնվել և պաշտպանել բնակչությանը:
Սա տիպիկ նվաճողական ձգտումներ ունեցող գերտերության ղեկավարի մտածելակերպ է` նվաճել, սակայն անունը դնել պաշտպանություն, իբրև թե պաշտպանել տվյալ երկրի ժողովրդի շահերը` առանց նույնիսկ հաշվի առնելու, թե ունի արդյոք այդ ժողովուրդն իրենց «պաշտպանության» կարիքը: Ղրիմի դեպքն այլ է, քանի որ այնտեղ ռուսազգի և ռուսամետ բնակչությունը մեծամասնություն է կազմում:
Ուշագրավ էր նաև Պուտինի այն հայտարարությունը, թե Յանուկովիչը Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահն է, չնայած որ ընդամենը օրեր առաջ` փետրվարի 22-ին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Յանուկովիչին բնութագրել էր որպես «փալաս»: Հիմա արդեն իրադրությունն այլ բան է պահանջում, նույնիսկ արդեն նախկին «փալասի» գործողություններն արդարացնող հիմնավորումներ տալ, ինչը նույնպես ՌԴ նախագահի մոտ վատ չի ստացվում: Չէ՞ որ մարդը հրաժարական էր տվել, ինքնակամ հեռացել, ինչո՞ ւ շարունակեցին ուժային գործողությունները… Վ. Պուտինն այստեղ, իհարկե, հաշվի չառավ, որ նման իրավիճակում շատ գործողություններ կարող են պարզապես անվերահսկելի դառնալ:
Ի դեպ, մեր իշխանավորներն էլ իրենց գործունեությունում հաճախ են որդեգրում պուտինյան երկակի մոտեցումները, պարզապես` ավելի փոքր մասշտաբներով: Փաստորեն, մեծ եղբայրը նաև լավ ուսուցիչ է:
Եվս մի հետաքրքիր դիտարկում` Պուտինն ասուլիսի ժամանակ շեշտեց, որ Ուկրաինայի դեպքերի ազդեցությունն այլ երկրների տնտեսության վրա ժամանակավոր բնույթ է կրելու, և դա կազդի այն երկրների վրա վրա, որոնք կհանդիսանան Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառողներից: Հետաքրքիր է` մեր իշխանություններն ինչպես կներկայացնեն այս ամենը հայ հանրությանը և Ուկրաինայի դեպքերի պատրվակով ինչ նոր փորձություններ կարող են մտածել մեր ժողովրդի համար: Ընդ որում, երեկ արդեն որոշ ՀՀԿ-ականների կողմից հնչել են ազդակներ, որ Հայաստանին տնտեսական նոր դժվարություններ են սպասվում:
Կարեն Վարդանյան
Armlur.am-ի գլխավոր խմբագիր