ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի ու անհայտ անուններ. ովքե՞ր են նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի թիմակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորային դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությունն ավագանու ընտրություններին թերևս ամենաանսպասելին էր:

եղափոխությունից անմիջապես հետո քաղաքապետ դարձած Հայկ Մարությանն ընդամենը երեք տարի պաշտոնավարելուց հետո պաշտոնանկ արվեց 2021թ-ի՝ հենց իր թիմակիցների՝ ավագնու «Իմ քայլը» խմբակցության կողմից: Հայկ Մարությանի հեռացումը թերևս ամենասկանդալայինն էր. սևեր-սպիտակներ թեզի հեղինակ նախկին քաղաքապետը, որը հեղափոխության հենց սկզբից Նիկոլ Փաշինյանի կողքին էր, պաշտոնանկությունից հետո սկսեց սուր քննդատել և բացահայտումներ անել թավշյա հեղափոխականների մասին: Իշխանականներն էլ իրենց հերթին սկսեցին ցեխ շպրտել իրենց երբեմնի սիրելի քաղաքապետի հասցեին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավագանու ընտրություններին ընդառաջ Հայկ Մարությանը տևական ժամանակ փնտրտուքների մեջ է եղել, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի ընտրություններին, տարբեր կուսակցությունների է դիմել, բայց մերժում ստացել:

Եւ ահա օրեր առաջ դերասան-նախկին քաղաքապետը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով: Կուսակցության ղեկավարը Հայկ Գրիգորյանն է. վերջինս մասնագիտությամբ իրավաբան է, փաստաբանների պալատի անդամ, զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ թե՛ Հայաստանում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրան զուգահեռ ԱՄՆ-ում զբաղվում է նաև անշարժ գույքի կառավարմամբ։

Հայկ Գրիգորյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է:

Նրան հաջորդում է Երևանի ավագանու անդամ, դասախոս Իզաբելլա Աբգարյանը, վերջինս Հայկ Մարությանի մտերիմներից է։ Մարությանի պաշտոնանկությունից հետո Իզաբելլա Աբգարյանն ավագանու այն քիչ անդամներից էր, ով շարունակում էր պաշտպանել նրան:

Աբգարյանը դեռ վաղուց էր հայտարարել, որ կմասնակցի ավագանու ընտրություններին միայն այն դեպքում, երբ Հայկ Մարությաննն առաջադրվի:

Հայկ Մարությանի ցուցակի 4-րդ համարը քաղաքագետ Գրիգորի Երիցյանն է, որը նախկինում եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ:

Նրան հաջորդում է ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, որը ևս Հայկ Մարությանի մտերիմներից է: Նա «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրենն է:

Ցուցակի 6-րդ համարը գյուղատնտես Պեդրո Զարոկյանն է: 7-րդ համարը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Իոսիֆ Կուբատյանն է: 8-րդ համարը իրավաբան Սամվել Մելիքյանն է Նրան հաջորդում է հանրային առողջապահության մասնագետ Արաքսի Դիլանյանը:

Հայկ Մարությանի ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է Արամ Թորոսյան ֆիլմարտադրող Academy films ընկերության տնօրենն է: Հայկ Մարությանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Մուշեղ Հակոբյանը, որը նույնպես ընդրկգված է ցուցակում: Վերջինս տնտեսագիտության թեկնածու է, գործարար: Armlur.am-ը տեղեկացավ, որ Մուշեղ Հակոբյանը Մարությանի մտերիմներից է, նրա վստահելի մարդն է:

Ինչպես քաղաքական տեխնոլոգիաների մասնագետներն են կարծիք հայտնում՝ Հայկ Մարությանի մասնակցությունն ավագանու ընտրություններին շատ բան է փոխելու, իսկ թե ինչ՝ պարզ կդառնա սեպտեմբերի 17-ին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս