ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են ողբերգական ավտովթարից կյանքից զրկվածները․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով զոհվել էին 11, ծանր վիրավորել՝ 6 քաղաքացի։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Վթարի հետեւանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունու շրջանի Ճարտար գյուղից։ Սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետեւանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։
Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։
Զոհերից ամենակրտսերը 18 ամյա Եվա Փարսյանն է ՝ Կոռնիձոր գյուղից։ Նա այս տարի էր ավարտել դպրոցը, ապա ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Արևմտյան Հայաստան էր գնացել իր պատմության ուսուցչի՝ Նարե Ամարյանի հետ: Նա նույնպես զոհվել է:

«Volkswagen»-ի  զոհերից է նաև Լիանա Քոչինյանը, որը Երևանից էր, աշխատում էր մանկապարտեզում: Նա ուխտի էր գնացել Ախթամար:
24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երևանում։ Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

Ամալյան Արևմտյան Հայաստան էր ուղևորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 4-ը խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին՝ 50-ամյա Բորիս Թորոսյանը, և 45-ամյա Անահիտ Հակոբյանը: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները՝ Արայիկ և Ալվարդ Մուրաֆյանները Քասախից էին:
Ուղեվորության զբոսավարը Մուշեղ Ելոյանն է եղել: Նա ամիսներ առաջ էր աշխատանքի անցել:

Մարիամ Ղազարյան




Լրահոս