Արցախում սովի պատճառով մարդ է կյանքից զրկվել. Արցախի ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի՝ Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետաբոլիկ, հիպօքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»:

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա։

Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։




Լրահոս