ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Վայք):
Պարզվել է, որ այդ արտադրամասի պատերի ու հատակի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերից, ենթակա են նորոգման,
առաստաղներն ապահով չեն, չեն կանխարգելում կեղտի կուտակումներն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
արտադրամասն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն բավարարում հիգիենայի պահանջները, չեն պահվում նորոգ վիճակում,
արտադրամասի օդափոխության համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ունի մաքրման և ախտահանման կարիք։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: