Արարատ Միրզոյանը բրազիլացի գործընկերոջն է ներկայացրել Արցախի համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև ՄԱԿ-ի իրավական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ պարտադիր ուժ ունեցող որոշումները:

Նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման միջոցով, և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշիչ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի կանխարգելման համատեքստում։




Լրահոս