Երեկ՝ կեսգիշերն անց, բերման են ենթարկել հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին:
ArmLur.am-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանը պատմեց, որ իրենց բերման են ենթարկել Մաշտոցի պուրակի մոտակայքից. այնտեղ պատրաստվել են վրաններ տեղադրել, որպեսզի ամեն օր քաղաքական քննարկումներ կազմակերպեն, ինչից հետո մոտեցել են փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ոստիկանության բաժնում 3 ժամ պահելուց հետո ՔՈ կուսակցության անդամներից բաց են թողել.
«Քննարկում էինք կազմակերպել, ուզում էինք նաև վրան տեղադրել, քանի որ քննարկումները տասը օր պետք է շարունակվեին, բայց ոստիկանությունը չհամաձայնվեց դրա հետ: 40-ից ավել ոստիկաններ մոտեցան, միայն փոխոստիկանապետի հետ մի քանի թիկնապահներ կլինեին, ու սկսեցին մեզ բերման ենթարկել»,-պատմեց Սահակյանը:
Թե ինչպե՞ս են բերման ենթարկել, արդյո՞ք իրենց նկատմամբ բռնի ուժ կիրառվել է, Սուրեն Սահակյանն ասաց.
«Ուժ կիրառվել է այնքան, որքան անհրաժեշտ է բերման ենթարկվել չցանկացող մարդուն բերման ենթարկելու համար»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը՝ հավելելով, որ, չնայած միջադեպին, շարունակելու են իրենց քննարկումները:
Քրիստինա Մուշեղյան