Հայաստանում մեքենայի վառելիքի գները կտրուկ աճել են։ Դիզելը դարձել է 490 դրամ, Պրեմիումը 500 դրամից 520 դրամ, Ռեգուլյարը 470 դրամից՝ 490 դրամ։ Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, սա կապված է ռուսական նավթի և գազի՝ ավելի թանկ գնով եվրոպական շուկա մտնելու հետ։
«Վառելիքը Հայաստան հիմնականում ներկրվում է Ռուսասատանի Դաշնությունից։ Ներկայումս ռուսական նավթի գինը բարձրացել է համաշխարհային շուկայում՝ գերազանցելով 1 բարելի համար 74 դոլարը։ Սրան գումարվում է նաև Հայաստան տեղափոխման հարցը՝ լոգիստիկ ծախսեր, այս ամենին պետք է գումարենք նաև այն, որ մեր դիզվառելիքի շուկան պատկանում է մի քանի տնտեսվարողի և նրանք էլ շուկան բաժանել են միմյանց միջև, նրանք հաճախ միասնական գնային քաղաքականություն են վարում՝ գները բարձրացնում և իջեցնում են։ Նշեմ նաև, որ ռուբլու արժեզրկումը պետք է նաև իր ազդեցությունը թողեր Ռուսաստանից ներկրվող վառելիքի գնի վրա, այսինքն՝ այն պետք է էժանացվեր։ Բենզինի և դիզելային վառելիքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, սրանք էին գործոնները, որոնք կարող էին գնի ձևավորման վրա ազդել և դրական և բացասական առումով։ Պետք է արձանագրել, որ այս պահին, եթե համեմատում ենք տարածաշրջանի երկրների վառելիքի գների հետ, Հայաստանում անհամեմատ բարձր է և Վրաստանի, և Ադրբեջանի, և Թուրքիայի, Իրանի համեմատ։ Մենք վերջին շաբաթներում տարածաշրջանում բենզինի ամենաբարձր գինն ունենք»։
Պարսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ թանկացումը կապված է ռուսական նավթի գների աճի հետ, իսկ Հայաստանում դրան գումարվում է նաև փոխադրման ծախսերը․ «Գնի բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով, օրինակ Ռուսաստանը նավթի արդյունահանումն օրական կրճատում է մոտ 300 հազար բարելով, նրանք քիչ են արդյունահանում և համաշխարհային շուկայում հիմնականում համաշխարհային նավթ արդյունահանող երկրները կրճատում են նավթի առաջարկի ծավալը և քանակը, դա հաշվի առնելով գինը շուկայում բարձրանում է։ Պետք է գումարենք նաև այն, որ որոշ երկրներ բավականին լուրջ տնտեսական աճ են արձանագրում, օրինակ՝ Հնդկաստանը բավականին բարձր տնտեսական աճ ունի և պահանջարկը մեծանում է վառելիքի նկատմամբ։ Եթե վառելիքի ծավալը նվազում է շուկայում, պահանջարկը ավելանում է, և գինը շարունակում է բարձրանալ։ Ռուսաստանին պետք է, որ իր նավթի գինը բարձրանա, որովհետև իրենց տնտեսական հաշվարկներով 1 բարելը պետք է լինի 70 դոլար, որ կարողանան սպասարկել պետական բյուջեի ծախսերը, քանի որ Ռուսաստանի բյուջեի 40%-50%-ը նավթագազային ոլորտն ա ապահովում, այսինքն՝ այս պահին նրանց ձեռնտու վիճակ է։»
Տնտեսագետ Պարսյանը նշեց նաև, որ Հայաստանի համար սպառնալիքը կայանում է նրանում, որ վառելիքի թանկացումը շղթայաբար բերելու է այլ ապրանքների և ծառայություների թանկացման։ Դիզելային վառելիքի թանկացման դեպքում թանկանալու են շինարարությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը։
Էմմա Միքայելյան