Այսօր Մարդասիրական օգնության համաշխարհային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օգոստոսի 19-ը Մարդասիրական օգնության համաշխարհային օր է հայտարարել 2008 թվականի դեկտեմբերի 11-ի իր բանաձևով:
Այն նպատակ ունի բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը ողջ աշխարհում մարդասիրական օգնության ցուցաբերմանն ուղղված գործունեության մասին: Օրվա սահմանումը հիշեցնում է նաև այդ ոլորտոմ միջազգային համագործակցության կարևորության մասին՝ փոխանցում է Calend.ru-ն:
Մասնագետների կարծիքով՝ վերջին տասնամյակում նկատելիորեն աճել է տարբեր տեսակի ճգնաժամերին ու աղետներին արագ և արդյունավետ արձագանքելու մարդասիրական հանրության ունակությունը:
Այսօր միջազգային հանրությունը նաև հիշում է մարդկանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը՝ փրկելով մյուսներին: Նրանցից մեկը՝ ՄԱԿ-ի աշխատակից Սերժիու Վիեյրա դե Մելուն, 2003-ի օգոստոսի 19-ին մահացել էր Բաղդադում հյուրանոցի պայթյունի հետևանքով: Հենց այդ առիթով էլ օգոստոսի 19-ը ընտրվել է Մարդասիրական օգնության համաշխարհային օր: