Արդեն մի քանի ամիս է` Սայաթ-Նովայի 10-12 հասցեներում կատարվող ապօրինի շինարարության դեմ են պայքարում այդ հասցեի բնակիչները:
Շինարարությունը կատարվում է բավականին արագ տեմպերով. պատասխանատուն «Լարկո գրուպ» ընկերությունն է, որի սեփականատիրոջը, ինչպես հայտնեցին բնակիչները Armlur.am -ի թղթակցի հետ զրույցում, այդպես էլ չեն տեսել: Նրանք վստահ են, որ իրականում «Լարկո գրուպի» սեփականատիրոջ հետևում իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկն է:
Սայաթ-Նովայի 10/5 շենքի բնակիչ, ազգագրագետ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն էլ հանգել է այն եզրակացության, որ «Լարկո գրուպի» հետևում կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմը: «Թե հիմա դա Վիգեն Սարգսյանն է, թե մեկ ուրիշը աշխատակազմից, թող իրենք իրենց մեջ որոշեն»,- ասաց սարկավագը:
Փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ` պարզաբանում ստանալու առնչությամբ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Մեր թղթակցի հետ զրույցում բնակիչները վրդովված ասացին, որ այս շինարարության պատճառով փակվում է իրենց արևի լույսը, ամբողջ փոշին ու ավազը լցվում բնակարանները, որի պատճառով առողջապահության նախարարությունը տուգանել է ընկերությանը: «Ես չեմ հասկանում, մենք նախագահ ունենք, թե Սերժը մեռել է: Սա ինչ բան է, մեզ մրջյունի նման տրորում են, մարդ չի կարողանում իր տան մեջ հանգիստ ապրել»,-վրդովված ասում էին բնակիչները:
Զրուցեցինք նաև «Լարկո գրուպ» ընկերության ներկայացուցիչներից մեկի հետ, ով ասաց, որ շինարարությունն օրինական է, քանի որ կա շինթույլտվություն: Մեր դիտարկմանը, թե բնակիչները դեմ են շինաշխատանքներին և բողոքում են, նա ասաց, որ բնակիչները միշտ էլ բողոքում են:
«Լարկո գրուպ» ընկերության ներկայացուցչի հետ զրույցը դիտելու համար սեղմեք այս հղումը ՝ Այս ամենի հետևում կանգնած է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Մանրամասները ՝ տեսանյութերում:
Սոնա Դավթյան