Ադրբեջանի կողմից Հին Ջուղայում ոչնչացված խաչքարի կրկնօրինակը օծվել և բացվել է Ֆինլանդիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը համարվող Էսպուի Սուրբ Հերման եկեղեցու բակում տեղի ունեցավ Ֆինլանդիայում հայկական առաջին խաչքարի օծման և բացման արարողությունը։

Հայաստան-Ֆինլանդիա միության նախաձեռնությամբ հիմնված խաչքարը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը, տեղեկանում ենք Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցեց և ներկաներին ողջույնի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Հայարփի Դրմեյանը, ով կարևորելով հայ-ֆիննական բարեկամությանը նվիրված խաչքարի բացումը, նշեց, որ կոթողը հետայսու հանդիսանալու է Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայության բացառիկ խորհրդանիշը։ Հիշատակելով, որ խաչքարը Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակն է՝ հայ դիվանագետն անդրադարձավ ավելի քան 8 ամիս շաունակվող Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է մարդասիրական աղետի շեմին և միջազգային հանրության համապատասխան քայլերի չձեռնարկման դեպքում ինչպես բնիկ հայությունը, այնպես էլ հայկական ժառանգությունը կարող են արժանանալ Հին Ջուղայի հայության և հայկական մշակութային արժեքների ճակատագրին։

Միջոցառման ընթացքում խոսք հղեցին նաև Հայաստան-Ֆինլանդիա միության նախագահ Դանիել Դավթյանը, Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը, համայն Ֆինլանդիայի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Լեո Մակկոնենը, Սուրբ Հերման եկեղեցու հոգևոր հայր Պետրի Կորհոնենը։

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան Եպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարի օծման կարգ։ Հայկական երաժշտական կատարումներով հանդես եկավ հայ-ֆիննական «Լույս» (Valo) երգչախումբը։




Լրահոս