ԵՐԲ ՈՒԶՈՒՄ Է` ԿԱՐՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին հրաժարականների շղթան բավականին հետաքրքիր իրողություններ բացահայտեց ոչ միայն մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակի, այլեւ այդ իրավիճակը տնօրինող անձնավորության կամային հատկանիշների հետ կապված: Անկախ այն բանից, թե իրականում որն էր Կարեն Կարապետյանին,  Ալիկ Սարգսյանին  եւ    Հովիկ Աբրահամյանին հրաժարականի առաջարկ անելու բուն դրդապատճառը (կարծում ենք՝ քչերն են կասկածում, որ այդ պաշտոնյաները հեռացել են սեփական կամքով),  ակնհայտ դարձավ, որ  անցած երեք տարիներին ներքաղաքական հարցերում անվճռականություն դրսեւորած Սերժ Սարգսյանը վտանգի  զգացողության դեպքում լավ էլ ի վիճակի է շատ կտրուկ եւ վճռական քայլերի: 2008թ-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց իշխանությունը, նրա  համախոհները հավաստիացնում էին, որ նորընտիր  նախագահը շուտով կձերբազատվի կոռուպցիայի մեջ թաթախված քոչարյանական կադրերից եւ իրեն կշրջապատի նոր` չվարկաբեկված մարդկանցով:  Բայց դրա համար ժամանակ է պետք` Սերժ Սարգսյանի դանդաղկոտությունն արդարացնում էին այդ նույն  համախոհներն ու  հավելում` նա միանգամից չի կարող քոչարյանական իշխանության 10 տարիներին զորեղ արմատներ գցած  կոռումպացված կլանային համակարգին զրկել պաշտոններից. դա պետք է անել քայլ առ քայլ: Սակայն  երբ Սերժ Սարգսյանը հայտնի մականունավորներ  Հովիկ Աբրահամյանին դարձրեց Ազգային  Ժողովի  նախագահ, իսկ Գագիկ Բեգլարյանին` Երեւանի քաղաքապետ,   բոլորի համար էլ պարզ դարձավ, որ նա ոչ  թե չի կարողանում,  այլեւ չի ցանկանում  մաքրել իր շրջապատը: Ավելին, վերը նշված անձանց նման բարձր պաշտոններ տալով, Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ նա  հենց այդպիսի  մարդկանց է գնահատում:   Եթե դիտարկենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած երեքուկես տարիները, ապա դժվար է նշել գոնե մեկ դեպք, երբ նա պաշտոնանկ է արել  դեռեւս քոչարյանական տարիներից պաշտոնավարող որեւէ կոռումպացված նախարարի կամ մարզպետի:   Եվ վիքիլիքսյան բացահայտումները, որտեղ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ փեսա Միքայել Մինասյանը խոսում է նոր սերունդի եւ ծեր բարոնների հակադրությունների մասին, ընդամենը   այդ «ծեր բարոններին» հեռացնելու ցանկության իմիտացիայի փորձ է: Քանզի վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատեցին, որ  ցանկության  դեպքում,  Սերժ Սարգսյանին ոչինչ չէր խանգարում  ազատվել այդ «ծեր բարոններից»: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բան խանգարում էլ էր, ապա այդ նույն բանը` այն էլ կրկնակի չափով, խանգարում է նաեւ հիմա` հաշվի առնելով գալիք ընտրությունների մոտենալն ու «աբիժնիկների» հնարավոր մոբիլիզացիան` Քոչարյանի հովանու ներքո: Բայց, ինչպես տեսանք, Սերժ Սարգսյանը  չերկնչեց իրեն ոչ բավարար հավատարիմ գլուխները թռցնել:  Հետեւաբար, ինչպես Քոչարյանի օրոք, այնպես էլ հիմա գործում է մեկ սկզբունք` որքան ուզում ես՝ թալանի՛ր, միայն թե պարտաճանաչ կիսվի՛ր եւ  հավատարի՛մ եղիր շեֆին:




Լրահոս