ՄԻՊ-ը ստեղծել է աշխատանքային խումբ` ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կապահովի նաեւ գրավոր եւ բանավոր, այդ թվում՝ թեժ գիծ եւ այլ հեռախոսահամարներով ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։

Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավախորհրդատվության, քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար:

Պաշտպանի աշխատակազմը, իր հաստատված գործելաոճին համապատասխան, ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետեւելով եւ արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաեւ դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:




Լրահոս