ՄԱԿ հրատապ նիստը չի ենթադրում փաստաթղթի ընդունում. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորության հարցում ձեւավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

«Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որեւէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որեւէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։

Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս եւ ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին եւ, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների եւ ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:

Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձեւաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձեւի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի նախագծեր ներկայացնելու եւ քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական եւ ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։

Այդքանով գործընթացն ավարտվե՞ց։

Բոլորովին ոչ, սա շարունակական գործընթաց է։ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ եւ այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորության հարցում ձեւավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:




Լրահոս